Խաղաղությունը գին ունի

Երբ տեսականորեն խոսք է գնում խաղաղության մասին, բոլորն են այն ուզում, ավելին՝ բոլորն են հասկանում, որ այն Հայաստանի համար ծայրահեղ, եթե կուզեք՝ կենսական անհրաժեշտություն է։ Երբ անգամ տեսականորեն խոսք է գնում զիջումների մասին, որոնք անհրաժեշտ են այդ խաղաղությանը հասնելու համար, քչերն են մնում ադեկվատության ու բանականության սահմաններում։

Զիջումների թեման մարդկանց մի մասին տանում է առակների ու խորիմաստ ասացվածքների հարթություն՝ Կկվի առակը, «խաղաղություն չեն մուրում, խաղաղություն նվաճում են» և այլ հոգին վեհացնող ու իմաստուն թվացող մտքեր, իսկ մյուս մասին հումանիզմի, մարդակենտրոնության, խաղաղասիրության, կյանքը մահից գերադասելու, հաճախ նաև պայքարի ու ինքնապաշտպանության իսպառ բացառման ու արժեզրկման հարթություն։

Ինչպես գրեթե բոլոր այլ հարցերում, այս հարցում ևս Հայաստանի հասարակությունը խիստ բևեռացված է, բևեռները հասել են յուրաքանչյուրն իր ծայրահեղությանը, ու չկա հարցի բովանդակային, փաստավորված, էմոցիաներից զերծ լուրջ քննարկում։ Ցանկացած ոք՝ առաջին թե երկրորդ ճամբարից, որ փորձում է այս թեման կտրել ծայրահեղ հաշվարկահենք ռացիոնալիզմից, վնասում է Հայաստանին։

Զիջումների թեման, ինչպես և պատերազմի ու խաղաղության թեման փիլիսոփայական, լեզվամտածողության կամ բանահյուսության թեմա չէ, այլևս չէ, այն շատ կոնկրետ քաղաքական թեմա է։

Շատ կոնկրետ քաղաքական թեմաները ենթադրում են շատ կոնկրետ հնարավորությունների ու սպառնալիքների, կորուստների ու ձեռքբերումների, ռիսկերի ու կարողությունների հաշվարկ։ Սա պետք է լինի քննարկման առարկան։ Սա պետք է լինի հատկապես իշխանություն-հասարակության հաղորդակցության հիմնական օրակարգը։

Երբ որևէ մեկը և հատկապես իշխանությունը սկսում է պնդել, թե խաղաղությունն անգին է, նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, այլևս չի մտնում բովանդակության մեջ ու չի փորձում իրավիճակը տանել բովանդակությամբ պայմանավորված լուծումների։

Ինչո՞ւ է մեզ հիմա ու այստեղ պետք խաղաղություն։

Քանի որ պատերազմավարման կարողություններ չունենք, իսպառ չունենք, ու փոխարենը «անվտանգությունը ապահովող» կողմը մեզ օրեցօր ավելի ու ավելի ահագնացող պահանջներ է ներկայացնում, որոնք ինչ-որ պահի այլևս համատեղելի չեն լինելու ինքնիշխան պետականության հետ։

Այսինքն՝ խաղաղությունը մեզ պետք է ինքնիշխան պետականությունը պահպանելու համար։

Խաղաղություն կլինի երկու պարագայում՝ կա՛մ կլինի ուժային բալանս, կա՛մ մեր կողմը պետք է զիջումների գնա։ Ընդ որում՝ այդ զիջումների գինն էլ կախված է նրանից, թե որքան ենք մոտ եկել ուժային բալանսին, կամ, պայմանական ասած, զիջումների ծավալի ու ինքնապաշտպանական կարողությունների վերականգնման հարաբերակցությունը հակադարձ համեմատական է։

Ուստի իշխանության անելիքը հասարակության հետ հաղորդակցվելիս նման պարզագույն հաշվարկները ներկայացնելն է, փաստարկելը, սեփական աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելը (եթե առկա է), այլ ոչ դեմագոգիան։ Մանավանդ երբ մտապահում ենք, որ դեմագոգիայի հարցում իշխող թիմի հակառակորդները շատ ավելի փորձառու են, կարելի է անգամ ասել՝ հարյուրամյակ+-ի փորձ ունեն։

Հստակորեն ապացուցելի է, որ հարցը չի անցնում՝ զիջումներ պե՞տք են, թե՞ ոչ հարթության մեջ, այլ զիջումները ո՛նց, ի՛նչ խորությամբ ու ե՛րբ պետք է արվեն։ Այստեղ հավելենք, որ զիջումները կարող են տալ բացառապես կարճաժամկետ ազդեցություն, եթե կուզեք՝ շունչ քաշելու հնարավորություն։ Միջնաժամկետ ու երկարաժամկետ խաղաղությունը առաջին հերթին կապված է ինքնապաշտպանական կարողությունների վերականգնման հետ։

Իշխանությունը և դրա ներկայացուցիչը պարտավորություն ունեն ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարատևությունը, և եթե դա ենթադրում է վճռական գործողություններ խաղաղության հաստատման ուղղությամբ, ուրեմն այդ գործողություններին չգնալը, ըստ էության, դավաճանություն է։

Եթե 44-օրյա պատերազմը չկանխելը հնարավոր էր բացատրել անխելքությամբ, վախկոտությամբ, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմով, ապա յուրաքանչյուր նոր սրացում ու դրա չկանխումը գիտակցված մահափորձ են Հայաստանի Հանրապետության դեմ։

Եվ այսպես, պարոնայք և տիկնայք, ճառ ասելու և խաղաղությունից խոսելու ժամանակը լրացել է, հստակեցրեք ամենը և անցեք վճռական գործողությունների։

Արեգ Քոչինյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.