«Ամուսինս էկավ, ասեց՝ Ալիսա՛, մենք էլ Ռազմիկ չունենք»․ որդեկորույս մայր՝ «կյանքը զրոյացել է, շնչում ենք, բայց չենք ապրում»

  1. 46-ամյա Ալիսա Մաթոյանը հուզմունքով է հիշում 2020-ի հոկտեմբերի 10-ը, երբ ներքին տագնապով սպասում էր որդու զանգին, որն այդպես էլ չհնչեց։ Ալիսան ասում է՝ իրենց գյուղում՝ Հաղպատում, շատերն արդեն գիտեին, որ որդին զոհվել է, սակայն իրենց չէին ասում։

«Ամսի 10-ին դողում էի, մի ուրիշ զգացողություն էր, երեկոյան մեզ զանգեցին, ասեցին՝ եկեք, տեսեք՝ ձե՞ր էրեխեն ա, թե՞ չէ։ Ամուսինս, մեր հարազատները գնացին։ Ես չէի հավատում, որ Ռազմիկս կլինի, մինչև ամուսինս էկավ, ասեց՝ Ալիսա՛, մենք էլ Ռազմիկ չունենք։ Ավագ տղաս հազիվհազ ասեց՝ գոնե ախպերս կա՞, կտեսնե՞նք իրան, նա ասեց՝ հա, Ռազմիկս սիրուն քնած ա»,- հիշում է Ալիսան ու հուզվում։

19-ամյա Ռազմիկ Թանդիլյանը ծառայել է Հադրութի առաջին պաշտպանական զորամասում, երբ սկսվել է պատերազմը։

Ռազմիկը գնդացրորդ էր, հակառակորդի դեմ թեժ պայքար է մղել Հադրութում։

«Ընկերները պատմում են, որ Ռազմիկը շատ դիպուկ ա կրակել, շատ թուրքերի ա ոչնչացրել։ Քանի որ շատ ա վնասել թուրքերին, իրեն նշանառության տակ են պահել»,- ասում է Ալիսան ու նշում, որ տղան զոհվել է արկի պայթյունից։

Որդեկորույս մայրն ասում է՝ «այդ օրվանից կյանքը զրոյացել է, շնչում են, բայց չեն ապրում»․

«Մեզ համար կյանքը կանգ առած է, էս իրականության մեջ ենք, բայց էս իրականությունից շատ հեռու»։

Ռազմիկ Թանդիլյանը սովորել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում՝ տրանսպորտային համակարգեր բաժնում։ Մոր խոսքով՝ որդին առաջատար էր ուսման մեջ, ժիր էր, կենսուրախ, կատակասեր, սիրում էր նմանակումներ անել։

Թեև շատ ակտիվ էր ու աշխույժ, միևնույն ժամանակ շատ լուռ էր ու գաղտնապահ։ Ընտանիքի անդամները Ռազմիկի զոհվելուց հետո են միայն իմացել, որ նա բանաստեղծություններ է գրել։

 

«Երկու տասնակից ավելի բանաստեղծություն ա գրել, բայց թաքուն ա պահել, մենք չգիտեինք։ Բանաստեղծությունների տետրը տվել էր հորաքրոջ տղային, որ բանակից գա, վերցնի, որ ոչ ոք չկարդա։ Ինքը սիրահարված էր, բանաստեղծությունները նվիրված էին իր սիրուն, նաև ընկերներին նվիրված տողեր կան։
Պոլիտեխնիկի հովանավորությամբ տղայիս բանաստեղծությունների գիրքն է հրատարակվել, որի մեջ կան նաև իրեն նվիրված բանաստեղծություններ»,- ասում է մայրը ու նշում, որ մարտական ընկերները պատմել են, որ Ռազմիկը և՛ ծառայության ընթացքում, և՛ պատերազմի դաշտում, երբ հանգիստ է եղել, նույնպես բանաստեղծություններ է գրել, սակայն դրանք այդպես էլ չեն հասել ծնողներին։

Ռազմիկ Թանդիլյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Հաղպատում։ Մայրն ասում է՝ ամեն օր գնում են որդու մոտ, պատմում օրվա անցուդարձի մասին։ Ապրում են որդու մասին հիշելով ու նրա մասին պատմելով։
Ռազմիկ Թանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արփինե Արզումանյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.