Դատապարտում ենք Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նմանօրինակ վարքագիծը

«Հանուն Հանրապետության» կուսակցություն ՀայտարարությունՀայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն իր լրատվական ծառայության միջոցով հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ, որում իր դժգոհությունն է հայտնել հետխորհրդային պետություններում և այդ թվում՝ Հայաստանում դեսպանություններ բացելու՝ Կանադայի կառավարության դիրքորոշման կապակացությամբ։
Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել ՌԴ-ի դեսպանությանը և անձամբ դեսպան Կոպիրկինին, որ առանց բացառության որևէ պետության դիվանագիտական ներկայացուցչության հարիր չէ անել հայտարարություններ դեսպանընկալ պետությունում որևէ պետության դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ, այդ թվում մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի գործընկերների հասցեին և միաժամանակ ընդհանուր փիլիսոփայական խրատներ տալ Հայաստանին։

Նման բովանդակությամբ և տոնայնությամբ արված մեկնաբանությունը որակում ենք որպես՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ, էթիկայի և բանականության սահմանազանցում, անհարգալից վերաբերմունք դեսպանընկալ պետության և վերջինիս ինքնիշխան քաղաքական ուղեգծի նկատմամբ, որը հիմնված է ժողովրդի դեմոկրատական ընտրության վրա, անպատասխանատու և բացարձակապես անընդունելի հրապարակային հայտարարություն, որը կասկածի տակ է դնում դեսպանության կարողությունը տարրական մակարդակում ընկալելու դեսպանընկալ պետության հասարակական-քաղաքական իրողությունները, ինչպես նաև դեսպանի և իր ենթակայության ներքո գտնվող աշխատակազմի մասնագիտական ձեռնհասությունը։
Դատապարտում ենք Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նմանօրինակ վարքագիծը, որը հակասում է պաշտոնական Մոսկվայի կողմից հռչակված և բազմաթիվ ստորագրված փաստաթղթերում ամրագրված պաշտոնական քաղաքականությանը, այն է՝ «հայ-ռուսական հարաբերություններում միմյանց ինքնիշխանության փոխադարձ հարգանքը»։ Հարկ ենք համարում նաև հրավիրել Նորին գերազանցություն պարոն դեսպանի ուշադրությունը, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն է, ինքն է որոշում իր քաղաքական ուղեգիծը և հրապարակային խրատների կարիք չունի։

Եթե դեսպանի ներկայացրած պետությունը դժգոհություն ունի որևէ այլ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունների կապակցությամբ և արտահայտվելու անհրաժեշտություն է տեսնում, դրանով պետք է զբաղվի Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Համապատասխանաբար, ծայրահեղ անշրջահայաց է դեսպանի կողմից տարբեր դավադրապաշտական մտորումների պասիվ վերարտադրումը, որով հարվածի տակ է դրվում դիվանագետի առաքելության հաջողությունը։

Ակնկալում ենք Հայաստանի պաշտոնական կառույցների համարժեք պատասխանը ՌԴ-ի դեսպանության անընդունելի վարքագծի կապակցությամբ, անհրաժեշտ ենք համարում ՌԴ դեսպանի կանչն ԱԳՆ սպառիչ պարզաբանումների և թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանների մատնանշման համար՝ միջազգային նորմերին և դիվանագիտական էթիկային համապատասխան։

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդ

04.07.2022թ․Երևան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.