Հայաստանը պետք է դասել Հունաստանի, Իտալիայի և Եգիպտոսի շարքերում, որպես մարդկային քաղաքակրթության բնօրրան. դեսպան Գֆոլլեր

Հինգշաբթի օրը, հունիսի 23-ին Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ «Հնագիտության նոր ոսկե դար. Վերջին բացահայտումները Հայաստանում» (“A New Golden Age of Archeology: Recent Discoveries in Armenia”) գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է ԱՄՆ պաշտոնաթող դեսպան Մայքլ Գֆոլլերը:
Շնորհանդեսի ժամանակ դեսպանը մանրամասնորեն բացատրեց Հայաստանում իր կատարած 22 տարվա պեղումների մասին, ինչի արդյունքում նա պնդում է, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնցից առաջացել է մարդկային քաղաքակրթությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Պեղումների վերջին 22 տարիների ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է հարուստ յուրօրինակ մշակույթով, ուստի Հայաստանը պետք է դիտարկել այնպես, ինչպես հասարակությունը ընդունում է Հունաստանը, Իտալիան և Եգիպտոսը որպես երկրներ, որոնցից առաջացել է մարդկային քաղաքակրթությունը։ Մեր առօրյա կյանքում օգտագործվող բազմաթիվ անհրաժեշտություններ, որոնք հիմք են ծառայել մարդկային քաղաքակրթությանը ինչպիսիք են՝ հացը, մետաղական գործիքները, արվեստը, հագուստը և գինին, բոլորը սկիզբ են առել Հայաստանում:

Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ ինչ որ չափով մենք բոլորս հայ ենք»,- նշել է դեսպան Մայքլ Գֆոլլերը իր գրքի շնորհանդեսից հետո «Ամերիկայի ձայն»-ի ծառայության թղթակցին տված հարցազրույցի ժամանակ:
Դեսպան Մայքլ Գֆոլլերը 26 տարի շարունակ ծառայել է որպես ԱՄՆ արտաքին գործերի նախարարության սպա տարբեր երկրներում, որոնց թվում էր նաև Հայաստանը: Դեսպանի համար Հայաստանի պատմության նկատմամբ հետաքրքրությունը սկսել է երկրում իր դիվանագիտական ծառայության ժամանակ:

«1998թ. ծառայել եմ Հայաստանի ԱՄՆ դեսպանատանը որպես ԱԳՆ սպա: Երբ ճանապարհորդում էի երկրով մեկ Հայաստանը լավ ճանաչելու համար, նկատեցի, որ այն լի է հնագույն և ապշեցուցիչ տեսարժան վայրերով: Այդ ժամանակ էլ սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել Հայաստանի պատմությունը»,- հավելել է դեսպանը:

«Ծառայությանս ավարտից հետո Հայաստանում կազմակերպեցի հիմնադրամ երկրում հնագիտական հետազոտություններ աջակցելու համար և բավականաչափ գումար հավաքելուց հետո մենք կարողագանք սկզբնական շրջանի պեղումները սկսել Ագարակում»:

Հարցազրույցի ժամանակ դեսպանը նաև նշեց, որ իրենք ծրագրում են շարունկել պեղումները:«Սա դեռ միայն սկիզբն է։ Մենք հիմա ունենք մարդիկ Հայաստանի հարավում՝ Սյունիքում և Սիսիանում, ովքեր աշխատում են նոր պեղումների վրա»։

Դեսպանի ելույթի ավարտից հետո, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նրան շնորհակալություն է հայտնել գրքի վրա արված հսկայական աշխատանքի, պեղումների և գիտական հետազոտությունների համար, դեսպանին նվիրելով գորգի կրկնօրինակ Սյունիքի մարզից:

«Խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան ուսումնասիրել պեղումների արդյունքում գտնված առարկաները, քանի որ մեր բոլոր պնդումները պարզապես տեսություններ չեն՝ այլ գիտականորեն ապացուցված փաստեր: Այս հարցում համոզվել ցանկացողներին խորհուրդ կտամ մեկնել Հայաստան» ամփոփել է դեսպան Գֆոլլերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.