Այս պահի դրությամբ 1754 զինծառայող ապահովվել է բնակարանով, 1188-ը հերթագրված են. զինծառայողների բնակարանային կարիքները ՊՆ-ի ուշադրության կենտրոնում են

Վերջերս Կառավարության նիստերից մեկում հայտարարվեց, որ ռազմական ինստիտուտների շրջանավարտները պետությունից կստանան բնակարաններ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ Առաջին ալիքով, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ 2022 թվականի ուստարվանից ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող և ավարտող շրջանավարտները նշանակման պահից սկսած պետության կողմից կստանան բնակարան։ Փոխարենը շրջանավարտ-սպաները պարտավորվում են 20 տարի սպայական ծառայության անցնել ՀՀ ՊՆ-ում։ Բնակարանները սպաներին տրամադրվելու է բոլոր իրավունքներով՝ բացի վաճառելուց։ Միայն 20 տարի անց վերջիններս կստանան նաև բնակարանների սեփականության իրավունք։
Գաղտնիք չէ, որ զինծառայողների հիմնական խնդիրներից մեկը բնակարանային խնդիրն է։ Այդ խնդիրը տարիներ շարունակ կուտակվել է, և շատ սպաներ բնակարաններ չունեն։

Civic.am-ը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն, խնդրել տեղեկություններ տալ, թե մինչ այս պահը քանի՞ սպա է ապահովվել բնակարանով, և դեռ քանիսի՞ նկատմամբ պետությունն ունի նման պարտավորություն։

Մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ն ներկայացրել է այդ տվյալները՝ նշելով, որ մինչ այս պահը, ըստ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում առկա էլեկտրոնային տվյալների, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ծառայողական բնակելի ֆոնդի կառուցման, ինչպես նաև վերանորոգման արդյունքում ՊՆ բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված բնակմակերեսի կարիքավոր թվով 1754 զինծառայողի հատկացվել են ծառայողական բնակարաններ։ Այս տարվա հունիսի 16-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված են 1188 զինծառայող։
Նոր նախագիծը, որը վերաբերում է ռազմական հաստատությունների շրջանավարտներին բնակարաններով ապահովելուն, ըստ նախարար Սուրեն Պապիկյանի՝ կմեծացնի գրավչությունը ռազմական ուսուցման նկատմամբ, բացի դրանից, սպաները երաշխիքներ կունենան, որ բնակարանային խնդիրներ չեն ունենա, ինչպիսիք ունեն գործող սպաներից շատերը։

Նախագիծը Կառավարությունը հավանության է արժանացրել և ներկայացրել Ազգային ժողովին։ Թե այս տարվա դրությամբ մեր ռազմական ուսումնական հաստատությունները քանի՞ կուրսանտ ունեն, այս տեղեկությունը պաշտպանության նախարարությունը մեզ չի տրամադրել՝ հավելելով, որ այն իր մեջ գաղտնիք պարունակող տեղեկություն է պարունակում։

Գործող սպաներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, և գերատեսչությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, որդեգրել է քաղաքականություն, համաձայն որի՝ զինված ուժերի սպայական անձնակազմը բնակարանային խնդիրներ պետք է չունենա, պետությունը հոգալու է բոլորի բնակարանային կարիքները։

Թե ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին որտե՞ղ, ի՞նչ միջոցներով են բնակարաններ հատկացվելու,պաշտպանության նախարարությունից, Civic.am-ի հարցին պատասխանելով, նշել են, որ օրենքում փոփոխություն կատարելուց հետո զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները կսահմանվեն Կառավարության համապատասխան որոշմամբ։

Այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, բնակարանները զինծառայողներին տրամադրվելու են Երևան քաղաքում և ունենալու են մեծ մակերես՝ ապահովելով զինծառայողների կենցաղային պայմանները։Բնակարանների մակերեսները մեծ են լինելու՝ հաշվի առնելով նաև զինծառայողների ընտանիքների հետագա հնարավոր աճը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.