Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում եմ բոլորիս և մասնավորապես՝ ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին՝ Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:Ոստիկանության զորքերը մեր հանրապետության հասակակիցն են:
Կազմավորվելով դժվարին 90-ականներին՝ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն ստացավ հենց ռազմի դաշտում՝ դրան զուգահեռ թիկունքում պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, ամենօրյա պայքար մղելով հանցավորության դեմ:

ՀՀ Ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին՝ զինծառայողների հետ հայրենական սահմանները պաշտպանելով ցանկացած ոտնձգությունից:

Դրա ևս մեկ վկայությունն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների հետ Զորքերի զինծառայողները փառքով պսակեցին իրենց անունը:

Ցավոք, այս փառավոր ճանապարհին Ոստիկանության զորքերը տվել են նաև թանկ ու անդառնալի կորուստներ, նվիրյալների, որոնք առանց երկմտելու իրենց կյանքն են դրել հանուն Հայրենիքի:
Փա՛ռք մեր զոհված զինծառայողների պայծառ հիշատակին: Խորին խոնարհում անմահ հերոսների ծնողներին՝ երկրին այդպիսի զավակներ պարգևելու համար:

Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին, և ես կրկին շնորհավորում եմ հրամանատարությանն ու զինծառայողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում և խաղաղություն բոլորի օջախներին:

Բարի ծառայություն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.