«Որոշել էինք, որ զորացրվեր, իրա սիրած մեքենան առնեինք, մտածել էի՝ շենքի բակում ոնց եմ դիմավորելու»․ որդեկորույս մայր

44-ամյա Ջուլիետա Մարուքյանը հուզմունքով վերհիշում է, թե մտովի ինչ պլաններ էր գծել բանակից որդու վերադարձի առթիվ, որոնք այդպես էլ չիրագործվեցին։

«Մեր տները վերանորոգած չէր, ինքն ուզում էր նորմալ վերանորոգում լիներ, պետք ա գար, լրիվ սարքած տեսներ։ Ես ու պապան որոշել էինք, որ ինքը զորացրվեր, իրա սիրած մեքենան առնեինք, մտածել էի՝ շենքի բակում ոնց եմ դիմավորելու, փուչիկներ էի պատրաստելու, մեքենայի բանալիներն էի տալու, ու գիտեի, որ անակնկալ կլիներ, ու ինքը հաստատ շատ կուրախանար»,- ասում է ու հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում մայրը։

Ջուլիետան որդուն կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 19-ամյա Էդուարդ Մարուքյանը ծառայել է Կուբաթլիում որպես տանկիստ, երբ սկսվել է պատերազմը։ Պատերազմի առաջին իսկ օրից տեղափոխվել է Ջրական, որտեղ մարտնչել է հակառակորդի դեմ։

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Էդուարդն իր մարտական ընկերների հետ թեժ մարտեր է մղել՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստ։

Ջուլիետան պատմում է, որ տղան պատերազմի օրերին զանգելիս մշտապես ուրախ տրամադրությամբ է խոսել, ոչ մի անգամ հուսալքված չի եղել, միայն երբ հոկտեմբերի 6-ին է զանգել, մի փոքր տխուր է եղել, ասել, որ մեծ կռիվ են տվել, ընկերների է կորցրել։

«Պատմեց, որ 100 հոգով շրջափակման մեջ են ընկել, ասեց՝ մա՛մ ջան, Մեղրու սպեցնազը հասավ, եթե չլինեին, մենք չէինք լինի»։

Մայրն ասում է՝ այդ օրը որդին ասել է՝ կռիվը վերջացրել են, իրենց պետք է իջեցնեն, հերթափոխ լինի։

«Ասեց՝ մեր հրամանատարը ասեց՝ վե՛րջ, տղե՛րք, դուք ձեր կռիվը վերջացրիք, իջնելու ենք չաստ, բայց չիջացրին․․․ Մինչև հոկտեմբերի 15-ը իրանց պահեցին, քիչ-քիչ նահանջ տալով եկան Խավսլի գյուղի մոտակայք։ Անօդաչուն եկել նկարել էր երեխեքի դիրքը, հոկտեմբերի 15-ին մութ ժամի խփել են»,- ասում է ու հուզվում մայրը։

Ջուլիետան ասում է՝ հույս ունեին, որ որդին ողջ կլինի, քանի որ որդուց հստակ տեղեկություն չկար, անունը զոհվածների ցուցակում չկար, իսկ նրանք, որոնք տեսել էին որդուն, հակասական բաներ էին պատմում:

Հույսով ու սպասումով 2 ամիս անցկացնելուց հետո Մարուքյանները ստացել են բոթը։ «70 օր հետո գտանք։ Դեկտեմբերի 19-ին մտել էին էդ տարածք թուրքերի ուղեկցությամբ, հանել էին»,- ցավով ասում է Ջուլիետան։

Այդ օրվանից հետո Մարուքյանների կյանքն այլևս անշրջելի փոխվել է:

«Ուղղակի շնչում ես, օրդ մթնում ա։ Մեր կյանքն ուղղակի շարունակվում ա, էն ա, որ ապրում ես, ինչ անես, ուրիշ ճար էլ չունես, ուրիշ էրեխա էլ ունենք»։

Էդուարդը Մարուքյանների առաջնեկն էր, ծնվել է ամուսնությունից 5 տարի անց, շատ սպասված երեխա էր։ Մայրն ասում է՝ ոչինչ չէին խնայում որդու համար։ Շատ նպատակներ ու երազանքներ ունեին որդու հետ կապված՝ բանակից գար, աշխատեր, ամուսնանար։

«Բայց երազանք դնել պետք չի, էն ժամանակ էդքան կար, հիմա ոչ մի երազանք չկա»,- կսկիծով ասում է մայրը։

Էդուարդը, մոր պատմելով, տանը լռակյաց էր, բայց տնից դուրս՝ ընկերական շրջապատում՝ անգամ շատախոս։ «Շատ ջիգյարով էր, անգամ ընկերոջ համար կյանքը կտար։ Մինչև հիմա իր բանակային ընկերները գալիս են, այցելում են մեզ, ասում են՝ եզակի ընկեր էր»։

Էդուարդը սիրել է սպորտով զբաղվել, բռնցքամարտով է պարապել, ընդունվել ֆիզկուլտ ինստիտուտ։ Մասնակցել է տեղական և միջազգային տարբեր մրցաշարերի։

Ջուլիետան հուզմունքով ասում է՝ շատ է կարոտում որդուն, մտքով անընդհատ նրա հետ է։ Հաճախ է գնում գերեզման, սիրտը թեթևացնում, բայց ցավը մեղմել չի ստացվում։

«Շատ եմ խոսում իր հետ, հիմնականում մտքում, միշտ հարց եմ տալի ես՝ ինչի հենց դո՞ւ, ասում եմ՝ դու էլ փախնեիր, թողնեիր, գայիր, ինքը 40 աստիճան ջերմություն ուներ պատերազմի ժամանակ, ասում էի՝ գնա բուժկետ կամ թող արի, ասում էր՝ չէ՛, չի կարա նման բան լինի»։

Էդուարդ Մարուքյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.