Հարսանեկան արարողություն՝ Արարատի գագաթին. երիտասարդ զույգի յուրահատուկ ամուսնությունը

Արարողության վայրը՝ Մասիսի գագաթ, հանդերձանքը՝ արշավային հագուստ. հրավիրված եք հարսանեկան միջոցառման: Իշխան Գևորգյանն ու Աշխեն Հովհաննիսյանն այն երիտասարդ զույգերից են, որ ամուսնությունից առաջ մտածում են, թե ինչպես կազմակերպել հարսանեկան արարողությունը, որ այն դառնա հիշարժան ու ինքնատիպ: Նրանք երկուսով սիրում են բնությունը, արշավները, լեռներ, բարձունքներ հաղթահարելը, և այս ընդհանուր նախասիրությունը հարսանեկան արարողությունը կազմակերպելու հիմք հանդիսացավ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աշխենը պատմեց, որ փեսացուին առաջարկել է որևէ հանգստավայրում մեղրամիսը կազմակերպելու փոխարեն մասնակցել Մասիսի գագաթ բարձրանալու արշավին:
«Իշխանի հետ բազմիցս խոսել ենք Մասիսը բարձրանալու մեր երազանքի մասին: Հայերի մեծամասնությունը միշտ էլ երազում է Արարատը բարձրանալու մասին, այդ ցանկությունը, կարծես, փոքրուց լինի: Իշխանին միշտ առաջարկում էի ամուսնությունից հետո գնանք Մասիսը բարձրանանք: Հետո մի օր խոսեցինք, և Իշխանն ասաց՝ արի գնանք ու միանգամից Մասիսի գագաթին էլ ամուսնանանք, դրանից լավ ամուսնական արարողություն չի լինի: Բնականաբար, համաձայնեցի»,- պատմում է Աշխեն Հովհաննիսյանը:


Որոշեցին ու արեցին. օրեր շարունակ դժվարությունները հաղթահարելով 2018 թվականի օգոստոսի 26-ին հասան Արարատի գագաթ: Թթվածնի պակասությամբ պայմանավորված՝ այնտեղ բավական դժվար է լինում տեղաշարժվելը, չի բացառվում ինքնազգացողության վատացումը, սակայն ոչինչ չէր խանգարում նրանց մեծ ցանկությունն իրականացնելուն: Իշխան Գևորգյանը պատմում է, որ արշավախմբում շատ քչերն էին տեղյակ, որ իրենք պատրաստվում են գագաթին հարսանեկան արարողություն կազմակերպել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.