Նրա նման երկրորդը պարզապես չկա… Ո՞վ է Ռաֆայել Քոթանջյանի կինը

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Նշենք, որ դերասանը միշտ շատ ջերմ էր արտահայտվում կնոջ մասին: Իրենց հանդիպման մասին Ռաֆայել Քոթանջյանը պատմում էր հետևյալը. «Ալլային հանդիպել եմ թատրոնում, եւ ամեն բան շատ հստակ էր. նա էր իմ կյանքի կինը։ Ես շատ երջանիկ եմ, որ ճիշտ ընտանիք եմ կազմել, այդ ամենի ապացույցն այսօր իմ խելացի եւ գրագետ թոռնիկներ են։ Կինս ինձնից լավ է զգում անգամ իմ առողջական խնդիրները։ Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է» (Bravo.am)։

Նշենք, որ տիկին Ալլան նշում էր, որ անթերի ամուսին ունի. «Քոթանջյանն անթերի մարդ է, անասելի հիանալի ամուսին, ուշադիր հայր, աննկարագրելի հոյակապ պապիկ, լավ սկսեսրայր։ Ապրում է ուրիշ աշխարհում: Հիշում եմ՝ Վարդավառ էր, նստած էր տանը, եկան մի խումբ երեխաներ, խաղացինք ջրոցի հենց տան մեջ: Ամբողջ տունը ջուր էր, իսկ Ռաֆայելը նստած հաղորդում էր նայում: Մենք բղավում էինք, խաղում, ծիծաղում: Ինչեւէ, երեխաները գնացին, նա վեր կացավ եւ հարցրեց՝ ինչ է կատարվել, ինչու է ամբողջ տունը ջուր… Յուրօրինակ մարդ է, նրա նման երկրորդը պարզապես չկա»։
Հավելենք, որ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ. աշխատել է Զանգեզուրի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93թթ. աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն:
Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղևորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) և այլն:
1994թ-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008թ-ից՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009թ.` Գյումրիի Պատվո և նվիրվածության շքանշանի, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.