Կաշառքի գործով ձերբակալված դատախազը Գարեգին Բ֊ի եղբորորդին է

ՀՀ կաթողիկոսի եղբորորդին՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը բերման է ենթարկվել 2 մլն 500 հազար դրամ կաշառք վերցնելու համար։ Կա ձերբակալման որոշում։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք։ Ըստ նրա գրառման՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։

Գոռ Աբրահամյանը նշել էր նաև, որ փաստական տվյալներն ստացվել են ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ։ Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Քրեական գործը ներկայումս ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեում է:

Civic.am-ը կապ հաստատեց հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի հետ՝ ճշտելու արդյոք այս պահին ձերբակալված է դատախազի տեղակալը, սակայն մամուլի քարտուղարը խոստացավ ավելի ուշ պատասխանել հարցին։

Մենք փորձեցին կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Եսայի քահանայի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ ՀՀ կաթողիկոսի եղբորորդին՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը դեռևս 2021թ․իր հայտարարագրում, որում առկա են 2020թ․-ի տվյալները՝ հայտարարագրել է թվով 19 հողամաս, 1 ընդերքի մաս, 15 մլն 700 հազար դրամ կանխիկ գումար։ Հողամասերի զգալի մասը միանձնյա սեփականություն է, ձեռք է բերել սկսած 2001թ․-ից գնման ճանապարհով։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները տարեկան կազմել են 6,379,255 դրամ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.