Թիվ 42 ավտոբուսի վարորդին նկատողություն անելու համար դանակահարել են. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Թիվ 42 ավտոբուսի վարորդին նկատողություն անելու համար դանակահարել են. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 9-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային անոթային գծի ուղղությամբ կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Մ.-ն է:

դանակահարություն
Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դանիելյանի գլխավորությամբ:

Նոր Նորքի ոստիկանապետ Ի. Մեսրորպյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ և քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Նոր Նորքի ոստիկանները Ավանի ոստիկանների հետ՝ Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել են կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նա Երևանի բնակիչ, 55-ամյա Համլետ Հ.-ն է: Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության փորձի համար կասկածվողը առավոտյան նստել է թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը և հասնելով Նոր Նորք վարչական շրջան, Արթուր Մ.-ն, ով ավտոբուսի վարորդն է, նրան զգուշացրել է, որ արգելվում է տրանսպորտի մեջ ծխել և հորդորել է, որպեսզի չծխի, սակայն նա շարունակել է ծխել, իսկ հետո իր մոտ եղած դանակով հարվածել է վարորդին:

Վերջինիս, երբ տեղափոխել են հիվանդանոց, դանակը եղել է մարմնի մեջ խրված:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.