«Արցախում Մարուքյանին դիտարկում են եւս Նիկոլ». Մետաքսե Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանի հետ չհանդիպելու մասին

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորները երեկ՝ հունիսի 8-ին, չեն մասնակցել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը, քանի որ հանդիպումը նախատեսված է եղել միայն խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ըստ նրա ՝ քաղաքական առումով նպատակահամար է եղել չհանդիպել Էդմոն Մարուքյանի հետ. «Քանի որ հասկանալով՝ Էդմոն Մարուքյանն ում խոսափողն է, ինչ օրակարգով ինքը կարող է գալ Արցախ: Մենք նույնիսկ օրակարգով չենք հետաքրքրվել, քանի որ գլխի ընկնելը դժվար չէ: Օրակարգը հետեւյալն էր. հերթական անգամ փափուկ բարձ դնել եւ՛ իշխանությունների, եւ՛ ժողովրդի գլխի տակ: Ժողովուրդը ըմբոստանում է, եւ՛ մայիսի 28-ի երթը եւ՛ բողոքի ակցիան հերթական ապացույցն էր, որ արցախցին «Դիմադրություն» շարժման հետ է, եւ միացել է ընդդիմության պահանջին: Բնականաբար, իշխանությունների մոտ պետք է անհանգստություն առաջանա, քանի որ բազմիցս ենք նշել, որ սա այլեւս ներքաղաքական խնդիր չէ, այլ բոլորիս խնդիրն է, եւ մենք պարտավոր ենք մեր մասնակցությունն ունենալ այդ գործընթացին: Արցախում խմբակցությունների հետ հանդիպումը շոու էր, ցանկանում էին ցույց տալ, որ տեսեք Արցախը Փաշինյանի հետ է»,- ասաց նա:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի երեկվա այն գրառմանը, որտեղ նշվում էր, թե հանդիպել է Արցախի ընդդիմադիր պատգամավորների հետ՝ Մետաքսե Հակոբյանը ասաց.

«Ես չեմ հասկանում այդպիսի սուտ հորինելու պատճառը: Մարդիկ, եկել էին կոնկրետ հարցեր ուղղելու Էդմոն Մարուքյանին: Մարուքյանը եւ՛ մտնելիս, եւ՛ դուրս գալիս փախավ: Ես եւ իմ գործընկերներից ոմանք գնացել էինք խորհրդարան, քանի որ գիտեինք այնտեղ կանգնած են արցախցիները: Երիտասարդները խնդրեցին մեզ իրենց խոսքը փոխանցելու՝ իրենք պահանջում են հանդիպում Էդմոն Մարուքյանի հետ: Նպատակը այն էր, որ Էդմոն Մարուքյանը պետք է լրատվամիջոցների առջեւ պատասխանի իրենց հարցերին: Ես եւ մեր խմբակցության ղեկավարը բարձրացել ենք, փոխանցել ենք երիտասարդների պահանջը, եւ Մարուքյանը պատասխանեց, որ չի հանդիպի այդ մարդկանց հետ: Պատճառաբանեց, որ ինքը եկել է եւ հանդիպում է նույն ժողովրդի ընտրյալների հետ: Իր ասած ընտրյալներն էլ երկու հոգի էին: Էդմոն Մարուքյանի խոսքին հակադարձել ենք՝ պատերազմից հետո հարց է, թե ովքեր են ժողովրդի ընտրյալները: Ասել ենք, որ Արցախում Մարուքյանին դիտարկում են եւս Նիկոլ: Որեւէ կերպ խելամիտ հասարակության կողմից Էդմոն Մարուքյանը չի կարող լավ ընդունվել, քանի որ նույն է ասել՝ Նիկոլ ընդունել Արցախում»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.