Որոշ հեռուստաալիքներ, եթե ուզում են ցույցերի քարոզչական գործիք լինել, թող յութուբյան ալիք բացեն ու անեն դա. ՀՌՀ նախագահ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով օրեր առաջ «Ֆեյսբուք»-ում կատարած իր գրառմանը, որի համաձայն՝ երկու հեռուստաալիք ջանք ու եռանդ չի խնայում՝ լիցենզիայից զրկվելու համար, ասաց՝ չի պատրաստվում այդ հեռուստաալիքների անունները հրապարակավ ասել, քանի որ երկուսն էլ արդեն նախազգուշացված են, եւ վարչական վարույթներ են հարուցվել:
«Նախազգուշացվել են այն հեռարձակողները, որոնք սկսել են կոպտորեն խախտել էթիկայի նորմերը. եթերում թույլ են տալիս սեռական հայհոյանք, ջարդում են հաղորդացանց, այսինքն՝ ի սկզբանե հստակ նշված ծրագիրը, որը ենթադրում է եթերից որոշակի ժամ հատկացնել մանկական հաղորդաշարերին, որոշը՝ ժամանցայինին եւ քաղաքականին եւ այլն»,- պարզաբանեց Հակոբյանը:

Հարցին՝ արդյո՞ք արդարացված է երկրում ներքաղաքական այս լարվածության եւ շուրջօրյա ցույցերի ֆոնին պահանջել հեռուստաընկերությունից ոչ մի ձեւով չշեղվել ծրագրային կոնտենտից, Հակոբյանն ասաց՝ Տեսալսողական մեդիայի մասին օրենքը հենց նրա համար է, որ, անկախ իրավիճակից, հեռուստաընկերությունը միայն դրանով չսահմանափակվի:

«Հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները պարտավոր են լուսաբանել ամբողջ Հայաստանում կատարվող իրադարձություններն ու անցուդարձը, նրանք միտինգների քարոզչական գործիք չեն: Եթե ուզում են այդպես լինել, հանգիստ կարող են լիցենզիայից հրաժարվել ու յութուբյան ալիք բացելով՝ իրենց ուզածն անել»,- նկատեց ՀՌՀ նախագահը:

Հակոբյանը նաեւ շեշտեց՝ ինքը որեւէ հեռուստաընկերության անուն չի տվել, սակայն եթե որոշ հեռուստաընկերություններ դա վերագրել են իրենց, ուրեմն զգացել են, որ նմանատիպ խախտումներով հենց իրենք են աշխատում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.