«Շնչակտուր էր խոսում, հարցրեց՝ մա՛մ, եկեղեցի գնո՞ւմ ես, ասեցի՝ բալես, գիշեր-ցերեկ եկեղեցի եմ գնում, ասեց՝ մա՛մ, էլի՛ կգնաս». Որդեկորույս մայր

38-ամյա Սոնա Թովմասյանը ամուսնու մահից հետո մենակ, դժվարությամբ է մեծացրել երկու որդիներին։ Ասում է՝ կյանքը սկսել էր կարգավորվել, սպասում էր՝ ավագ որդին բանակից գար, և ամեն ինչ ավելի հարթ կլիներ, սակայն չարաբաստիկ պատերազմը նոր հարված հասցրեց Սոնայի կյանքին։

«Գրիգորս ասում էր՝ մա՛մ, բանակից գամ, գիտես՝ ինչքան լավ ա լինելու։ Չեմ թողելու աշխատես, էդ աստիճան տանջվես մեր համար… Բայց էնպես եղավ, որ մինչև կյանքիս վերջն եմ տանջվելու, որ Գրիգորը իմ կողքին չի»,- հուզմունքով ասում է Սոնան։

Սոնայի որդին՝ 18-ամյա Գրիգոր Մուրադյանը, 3 ամիս էր, ինչ զորակոչվել էր բանակ, երբ սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Գրիգորը պատերազմ սկսվելուց մեկ օր առաջ մորը զանգել էր և ասել, որ իրենց Աղդամ են տեղափոխում՝ զորավարժությունների: Հաջորդ զանգերին մշտապես մորը հանգստացնում էր, թե պատերազմի դաշտում չէ, բունկերում է։

Վերջին անգամ՝ հոկտեմբերի 8-ին զանգելիս Գրիգորի ձայնն արդեն տարբերվել է, ասում է մայրն ու պատմում․

«Շնչակտուր էր խոսում, հարցրեց՝ մա՛մ, եկեղեցի գնո՞ւմ ես, ասեցի՝ բալե՛ս, գիշեր-ցերեկ եկեղեցի եմ գնում, ասեց՝ մա՛մ, էլի՛ կգնաս, ասեցի՝ Աստված քո հետ, ուշադիր կլինես, ասեց հա՛, մա՛մ, դու քեզ լավ նայի, ու դա եղավ վերջին զանգը»։

Այդ զանգից հետո մայրն այլևս որդու մասին լուր չի ստացել, Սոնան պատմում է, որ ամենուր փնտրել է որդուն՝ հույս ունենալով, որ ողջ կգտնի, ասում է՝ չէր կարող պատկերացնել, որ կյանքն այդքան դաժան կգտնվի իր նկատմամբ:

«Նոյեմբերի 2-ին բոլորն արդեն գիտեին, ինձ չէին ասում։ Ես աշխատանքից եկա, տեսա՝ տանը բոլորը հավաքված են, բայց չէի ուզում մտածել, որ Գրիգորիս բան եղած կլինի։ Ինձ ասեցին՝ Գրիգորը վիրավոր ա, պետք ա գնանք, արյուն տաս։

Հետո պապաս ներս մտավ, իրա դեմքին նայելով՝ հասկացա, որ Գրիգորս չկա, էլ դրանից հետո չեմ հիշում։ Ուշքի էի գալիս, աչքիս առաջ Գրիգորս էր, էլ չէի կարողանում քայլեի, մի կողմս ընդհանրապես չէի զգում։ Երկար բուժումներից հետո ոտքի եմ կանգնել, բայց առանց Գրիգորիս կյանք գոյություն չունի, Գրիգորս իմ համար լուսավոր կետ էր»,- արցունքների միջից ասում է Սոնան։

Սոնայի խոսքով՝ Գրիգորը զոհվել է հոկտեմբերի 18-ին «Գրադի» պայթյունից։ «Մեզ պատմեցին, որ 7 հոգի են եղել, 7-ն էլ միասին զոհվել են։ Ասկոլկեքը Գրիգորիս թիկունքից մտել էին թոքեր, ներքին արյունահոսություն է եղել»,- կսկիծով ասում է մայրը։

Գրիգոր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Գրիգորը որոշել էր մեքենաների տեխնիկական սպասարկող դառնալ, սովորել էր պոլիտեխնիկ քոլեջի տեխսպասարկում բաժնում, այնուհետև անվճար ընդունվել պոլիտեխնիկ համալսարան։ Սոնան ասում է՝ որդին խելացի էր, գերազանցիկ է սովորել, առանձնացել է ոչ միայն խելքով, այլև հոգատարությամբ, ուշադրությամբ։

«Ինքը շատ էր տարբերվում, երբեք թույլ չէր տա նկատողություն անեի, իմ հենարանն էր, հասուն տղամարդ էր։ Իր հոգատարությանն էլ չափ ու սահման չկար։

Ես հերթափոխով էի աշխատում, որ գալիս էր իմ գործի գնալու ժամը, հացը դնում էր, կոֆեն դնում էր։ Ասում էր՝ մա՛մ, գնա պառկի, հանգստացի, գիշերը չես քնելու։ Աշխատանքից տուն էի գալիս, ասում էր՝ մա՛մ, ուր ես հասել, մա՛մ, գամ դիմավորեմ, մինչև գալիս էի, սուրճը՝ սեղանին, հացը՝ սեղանին, տնային գործեր՝ ոչ մի բան չկար անելու։ Ես երկու տեղ էի աշխատում, ասում էր՝ մա՛մ, դու հոգնում ես, դու ամեն ինչ անում ես մեր համար, ես կանեմ»,- պատմում է մայրը։

Սոնան ասում է՝ երբեմն ուժ չի գտնում ապրելու համար, սակայն նայում է կրտսեր որդուն, նորից ուժ է հավաքում, որ հանուն կրտսեր որդու ապրի, որպեսզի որդին մենակ չմնա։

«Երբ բուժումների էի գնում, տղես ասեց՝ մա՛մ, ինձ մենակ մի՛ թող, ո՛ւժ հավաքի։ Էդ մի փոքր ուժը, որ գտնում եմ, Արտակիս համար ա»,- մորմոքով ասում է Սոնան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.