Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո 5-րդն է ԵԱ-ում

Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո 5-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայում անցկացվող ծանրամարտ Եվրոպայի առաջնությունում կանանց 87 կգ քաշայինների պայքարում անվանի ծանրորդուհին երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք (105+122):

Պոկում վարժությունում 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 102 կգ-ով եւ հաջողությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ Խուրշուդյանը պոկեց 105 կգ: Երրորդ մոտեցման համար Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 108 կգ, բայց ծսնրորդուհին չկարողացավ բարձրացնել ծանրաձողը: Այս վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանը մնաց առանց փոքր մեդալի՝ զբաղեցնելով 4-րդ տեղը:

Հրում վարժությունը Խուրշուդյանը սկսեց 122 կգ-ով, բայց առաջին մոտեցումը ձախողեց: Երկրորդ մոտեցմամբ դժվարությամբ, բայց կարողացավ հրել 122 կգ-ն: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 127 կգ, որպեսզի Խուրշուդյանը մեդալի համար պայքարի, բայց 5 կգ քայլը Հռիփսիմե Խուրշուդյանի ուժերից վեր էր:

Հայաստանի հավաքականի անվանի ծանրորդուհին 6 տարվա դադարից հետո վերադարձավ մրցահարթակ: Չնայած տարիների դադարից հետո առաջին փորձն առանց մեդալի ավարտեց, բայց 35-ամյա ծանրորդուհին, երկու երեխաների մայրը պատվով հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի առաջնությունից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ վերադառնում է մեծ սպորտ իր բարի համբավը հետ բերելու նպատակով:

«Իմ անվան շուրջ այս արհամարհանքն ինձ ստիպեց վերադառնալ մրցահարթակ: Վերադարձել եմ, որպեսզի Հռիփսիմե Խուրշուդյանի անունը նորից թնդա»,- ասել էր ծանրորդուհին:

Նա մրցահարթակից բացակայում էր 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնությունից հետո:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 252 կգ արդյունքով նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Սոլֆրիդ Կոանդան (109+143), արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանեւսկայան (237 կգ, 107+130), բրոնզե մեդալակիր՝ Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը (235 կգ, 106+129):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.