Սաղաթելյան Իշխան, երկյուղած հայացքդ խոսում էր այն մասին, որ քաջ գիտակցում ես տեղի ունեցածը և այն ինչը սպասվում է քեզ. Խաչատրյան

«Այսօր հասարակական կարգը պահպանող ոստիկանների վրա խուժանի կողմից հարձակում է իրականացվել, որի արդյունքում առնվազն 20 ոստիկանության ծառայող և քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել բուժհաստատություններ։
Ոստիկանության մեկ ծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս հանցավոր արարքները շատ արագ կստանան քրեաիրավական գնահատական։
Հանցագործության կազմակերպիչները և կատարողները օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության և կանգնեն դատարանի առջեւ։
Սաղաթելյան Իշխան, երկյուղած հայացքդ խոսում էր այն մասին, որ քաջ գիտակցում ես տեղի ունեցածը և այն ինչը սպասվում է քեզ։ Հնարավորության դեպքում իհարկե կերազեիր ճողոպրել քեզ յուրահատուկ ձեւով, բայց այս անգամ չի հաջողվի։
Պատասխան եք տալու ամեն ոստիկանի, ամեն քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու համար»:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան