«Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ գեներալներին դալանների տակ ծեծում էին, ուղղակի կրակում էին մարդկանց վրա, հազարավոր մարդկանց հետապնդում էին».Նորայր Նորիկյան

«Խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է փակուղու առջև և այս փակուղուց դուրս գալու ելքեր է որոնում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ վերջին 1-1,5 ամիսների ընթացքում հրապարակում օրակարգ է ձևավորում կամ գեներացնում, որն այդպես էլ չի ստանում հանրության աջակցություն։ Իսկ ո՞րն է այդ օրակարգը։ Վերջին երկու տարում՝ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, նույն մարդիկ, նույն դեմքերը տարբեր հարթակներում փորձում են նույն օրակարգը գեներացնել, սակայն ակնհայտ է, որ հանրությունն իրենց այդ վստահության մանդատը չի տալիս, որպեսզի իրենք կարողանան հեռացնել գործող իշխանությանը և ձևավորել նոր իշխանություն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Վերջինս նշեց, որ խնդիրը ոչ թե այն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավն է, նրա իշխանությունը անթերի է, անխոցելի է, այլ խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է, խնդիրը հենց իրենց մեջ է, խնդիրն իրենց ժամանակահատվածում իրենց կառավարման որակի և իրենց անձերի մեջ է։

Նորայր Նորիկյանի խոսքով՝ այնպես չի, որ ընդդիմության բարձրացրած որոշ սեգմենտների մեջ մտահոգության առիթ չկա, բայց այն օրակարգը, որն իրենք են առաջ քաշում, կամ ընդհանրապես, կարելի է ասել, քաղաքական բովանդակության բացակայությունը մեզ բերել է մի հանգրվանի, որ իսկապես մենք գործ ունենք վարկաբեկված, հեղինակազրկված խորհրդարանական ընդդիմության հետ, որը, չունենալով այլ լեգիտիմ, օրինական միջոցներով իր օրակարգը գեներացնելու հնարավորություն կամ հանրային աջակցություն, այսպիսի պատային իրավիճակ է ստեղծել առաջին հերթին ինքն իր համար։

Նա նշեց, որ իրեն ավելի շատ է հետաքրքրում, թե այս իրավիճակի մասին ինչ է մտածում իշխանությունը։

«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը ժողովրդավարությունը շփոթում է ամենաթողության հետ, խորհրդարանական ընդդիմությունը՝ սանձարձակության հետ։ Այսինքն՝ եթե մենք ժողովրդավարության ընկալում ունենք միջազգային հանրության կողմից, դա չի նշանակում, որ մեր երկրում ով ինչ ուզենա՝ պետք է անի, և իշխանությունը հայտնվի անգործության մեջ։ Եվ մի կողմից էլ՝ ընդդիմությունը երբ տարփողում է ժողովրդավարություն ու ազատություն ասվածը, չի նշանակում, որ դա պետք է շփոթի սանձարձակության հետ և ինչ ուզենա, ոնց ուզենա, երբ ուզենա՝ իրականացնի»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Խոսելով նաև այն մասին, թե ինչու ընդդիմությունն արտահերթ ընտրության պահանջ չի ներկայացնում, Նորայր Նորիկյանն ասաց, որ նրանք ընդհանրապես դեմ են ընտրական պրոցեսներով որևէ հաջողության հասնելու, որովհետև իրենք այդքան խելք ունեն՝ հասկանալու համար, որ մեր ժողովուրդն իրենց վստահության քվե չի տալու։

«Առավել ևս, որ մի անգամ իրենց պահանջով անցյալ տարի գործող իշխանությունը հրաժարական ներկայացրեց, գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ընտրությունների արդյունքները վկայեցին այն մասին, որ նախորդ քաղաքական ռեժիմները՝ իրենց սատելիտների հետ միասին, չունեն հանրային աջակցություն, և նրանք օրինական ընտրությոնների պարագայում երբեք չեն ստանա հանրային աջակցություն»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Խոսելով նաև այն մասին, որ հանցավոր արարքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց ընդդիմությունը համարում է քաղբանտարկյալ, Նորայր Նորիկյանն ասաց, որ այս տարիների ընթացքում արժեքներն այնպես խեղաթյուրվեցին, որ ամեն մեկն իր խուլիգանական պահվածքի համար իրեն բնորոշում է, որպես քաղաքական հայացքների համար հալածվող անձ։

«Մեր երիտասարդ սերունդը շատ դեպքերում ծանոթ չէ իրենց կառավարման շրջանի մեթոդներին։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում ուղղակի կրակում էին մարդկանց վրա, հազարավոր մարդկանց հետապնդում էին, ստիպում էին լքել ՀՀ-ն, խոսելու համար ամենաբիրտ, խուլիգանական միջոցներով բռնություն էին կիրառում։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ գեներալներին դալանների տակ ծեծում էին»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.