«Արցախը Երևանում չեն փրկում, Արցախը դրոշ վազեցնելով չեն փրկում. Արցախը փրկում են Արցախի սահմաններում, այս փողերը, որ ծախսում են միտինգների, նստացույցերի վրա, դրանով կարող էին արդեն մի տասը հատ գյուղ սարքած լինել Արցախում».Ռոմիկ Մխիթարյան

1990 թվականի մայիսի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի սպասասրահում չպարզված պայմաններում խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվեցին 6 հայ ազատամարտիկներ՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը։ Այսօր նրանց մարտական ընկերները՝ Երկրապահ կամավորականների միության Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ, նույն վայրում հարգանքի տուրք մատուցեցին իրենց մարտական ընկերների հիշատակին։

«Մեր տղաներից վեց հոգի այստեղ գնդակահարվեցին և շատ դաժանաբար, ամեն մեկի վրա երևի թե երկու-երեք պահունակ պարկուճ էին դատարկել։ Այնպես որ, երբ հասել էինք դիահերձարան, որպեսզի տղաներին ճանաչեինք, երրորդ, չորրորդ անգամից կարողացել ենք հասկանալ, որ էդ մեր տղերքն են»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Ռոմիկ Մխիթարյանը տեղեկացրեց, որ հենց այս տղաների հուղարկավորությամբ էլ բացվել է Եռաբլուրը։ Նրանցից չորսը հուղարկավորված են Եռաբլուրում, Խաչիկ Մալխասյանը, որը նաև Աֆղաստանի պատերազմի մասնակից է եղել, հուղարկավորված է Նորագավիթի գերերեզմանոցում, իսկ Արսեն Հարությունյանը հուղարկավորված է Արմավիրում։

Խոսելով անկախության կերտման տարիների մասին՝ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ այն ժամանակ իրենք բոլորը մեկ բան ունեին մտածելու՝ անկախություն. ստեղծել, բանակ, ստեղծել զինված ուժեր, որպեսզի հետագայում կերտեին մեր հաղթանակները։

«Այսօրվա հետ համեմատելու չի, մենք այսօր ունենք այդ անկախությունը, և այդ անկախությունը պահել է պետք։ Արցախը Երևանում չեն փրկում, Արցախը դրոշ վազեցնելով չեն փրկում։ Արցախը փրկում են Արցախի սահմաններում, այս փողերը, որ ծախսում են միտինգների, նստացույցերի վրա, դրանով կարող էին արդեն մի տասը հատ գյուղ սարքած լինել Արցախում, և, վերջիվերջո, արցախցիները վերադառնային Արցախ»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Խոսելով նաև այն մասին, թե ինչպես էին Արցախյան շարժման և անկախության կերտման տարիներին իրենց խանգարում, Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ այն ժամանակ էլ, հիմա էլ խանգարողները նույն մարդիկ են։

«Բայց այն ժամանակ այն համազգային ոգևորությունը, այն երջանկությունը, երբ որ եկավ 1991 թվականը, ու մենք հռչակեցինք անկախությոնը, դա աննկարագրելի է, և այդ անկախությունը մեզանից յուրաքանչյուրը մինչև վերջին շունչը պարտավոր է պահել, ոչ ոք իրավունք չունի մեզանից խլել ՀՀ անկախությունը, նվիրել ինչ-որ միութենական պետության, դա չի՛ լինելու, չկա տենց բան, չի կարող լինել»,- եզրափակեց Ռոմիկ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ 1990 թվականի այս օրը՝ կայարանի դեպքերից հետո, ավելի ուշ մարտերը շարունակվեցին Երևան-Նուբարաշեն խճուղում, երբ խորհրդային 7-րդ բանակի զրահատեխնիկան մտնում էր Երևան, իսկ հայ ինքնապաշտպանական ուժերը փորձում էին նրանց կանգնեցնել։ Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկներ և խաղաղ բնակիչներ։ Խորհրդային 7-րդ բանակի հրամանատար Միխայիլ Սուրկովի հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվեց համոզել, որ զորքերը հետ քաշվեն։ Չնայած զինված գործողությունները դադարեցնելուն, խորհրդային բանակը մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Երևանի Ազատության հրապարակը։

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.