Ընդդիմությունը վախենում է իշխանությունից, դրա համար էլ վարչապետին հարց չի կարողանում տալ. Գևորգ Գորգիսյան. armtimes

ՀՀ 7 գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ ներկա խորհրդարանական ընդդիմությունն այնքան է սրել հռետորաբանությունն ու իրավիճակը, որ այժմ չեն կարող այս ամենին վերջ տալ ու կրկին գնալ խորհրդարան: Վերջինս շեշտում է՝ փողոց դուրս գալով՝ ընդդիմադիր ուժերը գնացին վա բանկ:

«Մի քանի հազար մարդով մի օր մի տեղ են, մեկ օր՝ այլ, սակայն իրենց շարքերը օրեցօր մաղվելու են: Քաղաքացիների զանգված կա, որը դժգոհ է իշխանություններից, ցանկանում է պայքարել, բայց այդ մարդկանց էլ են հիասթափեցնելու ու խաբելու: Իշխանությունն էլ նախկին իշխանությունների նման է իրեն պահում. թողնում է շարժումն ինքն իր հունով գնա ու մարի: Իսկ փողոցի առաջնորդների համար օդ ու ջրի նման պետք է, որ իրենց նկատմամբ բռնություն կիրառեն, հետո էլ արդարանան, թե ինչու դադարեցրին ակցիաները»,- ասում է նախկին պատգամավորը:

Գորգիսյանը նկատում է՝ այն մարդիկ, որոնք պետք է բանտերում լինեին՝ գործած զանազան հանցանքների համար, սակայն այժմ փողոցում են:

«Այո, մեր երկիրը ժողովրդավար է, բայց հիմա անարխիա է տիրում: Չի կարող մարդը լինել հանցագործ, բայց հետո պլստալ արդարադատությունից: Եթե այդպես լինի ժողովրդավարությունը, չի աշխատի: Այո՛, պետք է լինի ժողովրդավարություն, այո՛, մարդիկ պետք է իրավունք ունենան՝ իրենց բողոքը ներկայացնելու, այո՛, մարդիկ պետք է իրավունք ունենան դատարանում պաշտպանվել, բայց եթե պետությունը չի կարող իր շահերը պաշտպանել ու պատժել հանցագործներին, ժողովրդավարությունը դառնալու է ամենաթողություն: Անպատժելիության մթնոլորտն ամենավատ բանն է, որ կարող է լինել, դրա հաջորդ փուլը դիկտատուրան է լինելու: Մեկը փողոցում ինչ-որ մեկին «գլխից խփելու է» և ասի՝ ես եմ երկրի ղեկավարը»,- կարծում է քաղաքական գործիչը:

Ըստ նրա՝ ընդդիմադիրների շարժումը թափ չի հավաքում, քանի որ դրա առաջնորդները անլուրջ են ընկալվում. «Օրինակ՝ այն, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ եթե գան իշխանության, թալանը հետ են բերելու: Ո՞ւմ թալանածն են հետ բերելու, իրենց թիմակից Ռոբերտ Քոչարյանի՞»:

Դիտարկմանը՝ գուցե գործող իշխանությանն է նկատի ունեցել Սաղաթելյանը, Գորգիսյանը երկմտում է՝ միգուցե:

«Չեմ կարող ասել, բայց փաստ է՝ թալանչիները դատված չեն: Քանի դեռ մարդը թալանում է պետությունը ու մնում անպատիժ, էլի թալանելու են: Մարդը բանակը թալանում է, Վահագնի թաղամասում տուն է գնում, բայց այժմ նորմալ, իր համար կյանքն է վայելում: Մյուսն էլ թալանել է մեկ ամբողջ մարզ, բայց այսօր ցույցերին է մասնակցում: Այս ամենը դարձել է նորմալ երևույթ: Դրա համար էլ ինչ ուզում, անում են, իշխանություններին էլ թալանի մեջ են մեղադրում»,- ասում է ԼՀԿ անդամը:

Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունն այնքան է իրեն գովազդել սեփական ԶԼՄ-ներով, որ այլ՝ ավելի հասուն, պետականամետ ուժերի համար դաշտում տեղ չի մնացել:

«Եթե իրենք իսկապես մտածեին երկրի մասին, եթե իրոք մտածեին, թե Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, չէին մասնակցի նախորդ ընտրություններին, կթողնեին՝ դաշտը մաքրվեր, ԱԺ-ում լիներ 7-8 քաղաքական ուժ, կազմվեր կոալիցիոն քաղաքական ուժ, որը իշխանությանը կփոխզսպեր, և ամեն բան կդառնար լեգիտիմ: Ամենամեծ խնդիրը այժմ այն է, որ ընդդիմությունը լեգիտիմ չէ: Այդ պատճառով էլ կրկին չեն ցանկանա գնալ ընտրությունների, քանի որ գիտեն, որ այս անգամ չեն անցնելու, վերջին ընտրություններին ժամանակ էլ փող բաժանելով՝ հասան խորհրդարան»,- կարծում է զրուցակիցը:

Հարցադրմանը՝ իսկ իշխանությունները լեգիտի՞մ են, Գորգիսյանն ընդգծում է՝ իշխանությանն ընտրել են, իսկ արդյունքները որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել:

«Բոլորը հաշվի են նստել այս ընտրությունների հետ, նույն այդ ընդդիմությունն էլ է հաշվի նստել: Դիմեցին Սահմանադրական դատարան, ձևական բողոքարկեցին, բայց հետո խելոք մանդատները վերցրին, դարձան հանձնաժողովների նախագահ, ԱԺ փոխնախագահ, գնում են գործուղումների, ստանում պարգևավճարներ: Հիմա էլ չեն կարողանում կանգնել վարչապետի առջև ու ասել՝ դուք սխալ եք անում: Որովհետև յուրաքանչյուր այդպիսի արտահայտությունից հետո վարչապետը պատասխանում է և ասում՝ ես այս բաները սխալ եմ արել, որովհետև դուք էլ այ սրանք եք սխալ արել: Մի բան են ուզում վարչապետին ասել, հետո հիշում են, որ թալանած գումարներ ունեն, սուսուփուս թողնում, դուրս են գալիս ԱԺ դահլիճից: Ընդդիմությունը վախենում է իշխանություններից, իսկ վախենալով չեն կարող փոխզսպել իշխանությանը»,- ասում է Գորգիսյանը:

Վերջինիս կարծիքով՝ այժմ ՀՀ-ում չկա քաղաքական ճգնաժամ, և, ըստ այդմ, չկա նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն:

Խոսելով ընդդիմադիր ուժերի միասնական լինել-չլինելու մասին՝ նախկին պատգամավորը նկատում է՝ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան տարբեր խմբավորումներ:

«Այստեղ կա դաշնակցություն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և Արթուր Վանեցյանը՝ իր թիկնազորով: Եվ մի քանի քաղաքական ուժ, որոնք միշտ ցանկանում են երևալ: Իրենք երկար չեն գնալու, մեկ պարզ պատճառով՝ չունեն հանրային աջակցություն, որն ամենակարևորն է: Արդեն երկու անգամ մերժվել են, պատերազմից հետո էլ Նիկոլ Փաշինյանը մնաց երկրի ղեկավար, դրանից էլ դաս չքաղեցին»,- ասում է Գորգիսյանը՝ հավելելով՝ խորհրդարանական ընդդիմությունն իր ռեսուրսներով պղծում է քաղաքական դաշտը:

Նյութի սկզբնաղբյուր — Հայկական Ժամանակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.