«Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին

Նստաշրջանի ավարտից հետո ես կարող եմ ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը դիտարկել, քննարկել ԱԺ խորհրդի նիստում և դրանից հետո գործընթաց սկսել:

Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Վերջինս հավելել է, որ կան պատգամավորներ, որոնք արդեն անցել են բացակայությունների թույլատրելի շեմը:

«Պետք է քննարկենք և հասկանանք՝ կարո՞ղ ենք այս բացակաները հարգելի համարել, թե՞ ոչ: Դրանից հետո որոշում կկայացվի: Վստահ եմ՝ կգնանք օրենքի ճանապարհով»,- վստահեցրել է Սիմոնյանը:

Նա նաև նկատել է՝ իրենք օրենքին վերաբերող հարցերում քաղաքական որոշումներ չեն կայացնում:

«Օրենքն ասում է՝ յուրաքանչյուր խմբակցություն կարող է բոյկոտել մեկ անգամ: Կներեք, բայց Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս, նիստերին չգան ու հետո ասեն՝ սա է իմ քաղաքական գործունեությունը»,- հավելել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

Հարցադրմանը՝ կարծում է՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է մանդատից զրկվե՞ն, Սիմոնյանն ընդգծել է, որ խիստ է մտադրված. «Բայց չեմ ցանկանում իմ կարծիքով հիմա կանխորոշում անել: Սակայն ես խիստ եմ տրամադրված»:

Հիշեցնենք՝ երեկ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների որոշ պատգամավորներ թույլատրելի սահմանաչափից ավելի են բացակայել Ազգային ժողովի նիստերից: Մենք նաև ներկայացրել էինք տվյալ պատգամավորների անունները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.