3 ամիս առաջ տեղի ունեցած վթարի հետեւանքով ընտանիքի 5 անդամներին կորցրած 15–ամյա աղջիկը դեռ գիտակցության չի եկել

Երեք ամիս առաջ Արզնու խճուղու միջնամասում տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 15–ամյա Վանուհի Պետրոսյանը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

«Նա վերակենդանացման բաժանմունքում է, այս ամիսների ընթացքում գիտակցության չի եղել»,– NEWS.am–ին փոխանցեց հիվանդանոցի մամուլի քարտուղար Գ եւորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ի սահմանում Արզնու խճուղու միջնամասում բախվել էին հանդիպակաց երթեւեկող «BMW X5» եւ «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել էր նաեւ իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը, 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղեւորները տեղում մահացել էին, իսկ ուղեւորներից Վանուհի Պետրոսյանը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:

Վանուհի Պետրոսյանը գանգուղեղային ծանր վնասվածքներ էր ստացել, գլխուղեղի եւ թոքերի սալջարդ ուներ, ազդոսկրերն էին կոտրվել։

Նշենք, որ մահացածները ընտանիքի անդամներ էին՝ Գյուլնարա Պետրոսյանը, Վաչագան Պետրոսյանը, Արմինե Պետրոսյանը, Վահե Պետրոսյանը եւ Մելինե Գասպարյանը։ Նրանք Չարենցավան քաղաքից էին։ Վթարի օրը գնացել էին հարազատներից մեկի տուն, ողբերգական դեպքը պատահել էր տուն վերադառնալու ճանապարհին։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտում քրեական գործ էր հարուցվել՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

«BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավանի 28-ամյա բնակիչ Ռազմիկ Դավթյանն է։ Նա հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված է՝ որպես կասկածյալ։

Նշենք նաեւ, որ վթարից որոշ ժամանակ անց ոստիկանություն էր ներկայացել Բյուրեղավանի բնակիչ Սամսոն Դավթյանը եւ հայտնել, որ «BMW X5»–ի ղեկին ինքն է եղել, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան վարել է որդին՝ Ռազմիկ Դավթյանը։ Ժամեր անց Արմավիր քաղաքի տներից մեկում հայտնաբերվել էր Ռազմիկ Դավթյանը եւ բերման ենթարկվել։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցեցին, որ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն արդյունքները դեռ հայտնի չեն։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.