Երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների, որոնք, ինձ և 3,5 տարեկան աղջկաս տեսնելով, մեքենայից սկսեցին հայհոյել ու գոռալ թուրք

«Ճիշտն ասած՝ բացարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին, ինչ կատարվում է ինձ հետ, որ չքաղաքականացվի, որովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից»:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով այս օրերին ընդդիմադիրների կողմից իր հասցեին հնչող վիրավորանքներին և օրերս փողոցում տեղի ունեցած միջադեպին: Ջանիբեկյանը խնդրում է, որ այս գրառումը դիտարկվի որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ, որով դիմում է ցույցերի կազմակերպիչներին և հեղինակություններին:

«Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով՝ ընդառաջ դուրս եկա ցուցարարներին ու հանդիպեցի 2000-ը մեկի հարաբերակցությամբ հայհոյողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյա: Հասկանում եմ, որ ամբոխի էֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք է, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին: Երևի կամայական եկած ինձ հասանելիք դասն էր:

Կյանքի դասերը երբեք չեն ուշանում:

Բայց երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների, «Զարթնիր Լաո» երգը լսելով՝ մեքենայով անցնելիս, ովքեր, հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս, պատուհանը իջեցրին, գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը արագ սլանալով՝ բարձր գոռացին:

Մտածում էի՝ երեխայիս էս դեպքից հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ Արիացու տարբերությունը բացատրեմ, որովհետև մեքենայի միջինը հայ էր… կարծում եմ:

Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց, ասաց. «Սոս ջան, հիմա թուրքը դո՞ւ էիր, իրենք էլ՝ հա՞յը, կարող է իր արածը թուրքը տեսներ, զարմանար»:

Ասածս ինչ է, իսկականից ամոթ է, տղերք, մի արեք, մի քրֆեք ով ձեզ հետ չի, ժողովրդին ժեխ ու թուրք մի անվանեք: Մարդ կա, որ բացարձակ չի սատարում ներկայիս իշխանությանը, բայց ավելի շատ չի ուզում ձեր կողքին կանգնի:

Դրանից մի չարացեք, մի վախեցրեք, դուք ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը:

…ու մի հարց, ո՞նց Է, էլի, լինում, որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք, գալիս եմ տուն, «Ֆեյսբուքս» բացում եմ, 100-ից ավելի նամակ ունեմ ստացած, մոտավոր էս բովանդակությամբ. «Սոս ջան, արի մեզ միացիր, մեր կողքին կանգնիր՝ հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող Է մեկը գա կանգնի, ում Դուք թո՞ւրք եք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի:

Ձեզ բարի և անփորձանք ցույցեր:

Վստահ եմ՝ ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն, սեր և խաղաղություն ձեր հոգուն»,- գրել է Ջանիբեկյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ընդդիմադիր ցուցարարները, նկատելով փողոցով անցնող Սոս Ջանիբեկյանին, սկսել էին վիրավորել և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել վերջինիս հասցեին: Ցուցարարներից մեկն էլ ջրի շիշ էր նետել նրա ուղղությամբ: Միջադեպը արժանացավ լայն հանրության քննադատությանը: Այն դատապարտել էր նաև Հանրային հեռուստաընկերությունը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.