«Ես կրկնեցի հայհոյանքը, հետո քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները». Աղազարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ։ Երբ Աղազարյանը մտել է սրճարան, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ասել է՝ դուրս եկեք․ «Ձեզ որ տեսնում եմ, ախորժակս փակվում է»։ Աղազարյանը նրան հայհոյանքով է պատասխանել, սկսվել է քաշքշուկ, վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ այնպես, որ լսելի են եղել շենքի բնակիչներին, որոնք փակել են պատուհանները։

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, ասաց նաեւ, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանեց նա։

— Իսկ ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞վ են Ձեզ վիրավորել, մեզ ասացին, թե ասել է՝ խնդրում եմ այդտեղ չնստել, ախորժակս փակվում է, ճի՞շտ է։

— Այո, հենց էդպես էլ եղել ա։ Հետո իմացա, որ կողքինն էլ հայրն է, որն ինձ ասաց, թե՝ «ի՞նչ ասացիր», ես կրկնեցի հայհոյանքը, հետո ինչ-որ շարժումներ եղան, ես էլ քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները։

— Ինձ ասացին՝ Ձեզ քաշքշել են, ընկել եք թփերի մեջ։

— Հա, ոտքս հետեւի մասը բան արեց, ընկա էդ եղեւնիների վրա։

— Իսկ իրենք Ձեզ խփե՞լ են։

— Չէ, տենց բան չի եղել։

— Սրճարանում գտնվող մարդիկ չմիջամտեցի՞ն։

— Հա, իհարկե, մարդիկ եկան, բան արեցին, որ «պարոն Աղազարյան, պետք չի, բան, կձայնագրեն», ես էլ ասի՝ թող ձայնագրեն, կարող եմ ձայնագրող էլ բերեմ, եթե ինքը շարունակի նույն լեքսիկոնը, նույն պատասխանը կստանա, կարող եք չկասկածել։

— Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, Ձեր թիմակիցների համար քաղաքում զբոսնելը դժվարացել է, մարդիկ, փաստորեն, չեն հանդուրժում ձեր ներկայությունը։

— Էդ ջղաձգությունները կանցնեն, եթե իրենք լուրջ հենքի վրա լուրջ օրակարգ ունեն, պետք չի, որ էդպիսի քայլերի դիմեն։ Ավելի լավ ա ուժեղացնեն իրենց պայքարը։ Ինձ միշտ ասում են՝ պարոն Աղազարյան, Ձեզ շատ հեշտ ա սադրելը, ես ասում եմ՝ այո, ինձ շատ հեշտ ա սադրելը, ով ուզում ա, թող գա ինձ սադրի՝ համապատասխան պատասխանը կստանա։ Ես շատ ժամանակ ասում եմ՝ շատ դժվար ա որոշել, թե որն ա անկեղծ, որը՝ ոչ։ Վիճաբանության ընթացքում պարզվեց, որ մյուսն իր հայրն ա։ Իհարկե, վատ զգացի, որ հոր մոտ տղայի հետ էդպես խոսեցի։ Ասացի՝ քանի որ Դուք հայրն եք, ես, իհարկե, Ձեզանից ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ ասել՝ էդ ներողությունն էլ պետք չէր, որովհետեւ հայրն իրենից ավելի հիմար էր։

— Չնայած դուք էլ ձեր կողմնակիցներն ունեք, բայց շատերը նաեւ մերժում են ձեզ։

— Հա, բայց դու ի՞ նչ ես առաջարկում, ասա՝ տեսնեմ։

— Ես՝ չգիտեմ, ընդդիմությունն առաջարկում է ձեզ հրաժարական տալ ու հեռանալ իշխանությունից։

— Հիմա ուզո՞ւմ ես ասեմ, թե ընդդիմությունն ինչ է անում, էդ բառերն օգտագործե՞մ նորից։ Հո ասելո՞վ չի, թող համապատասխան իրավիճակ ստեղծի, թող գա օրակարգ բարձրացնի խորհրդարանում։ 20 հազար մարդ հավաքելով հո հրաժարական չե՞ն պահանջում։ Իրավունք ունեն պահանջելու, ես չեմ ասում՝ իրավունք չունեն, բայց պիտի չխռովեն, չնեղանան, որ հրաժարականի պահանջն արձագանք չի գտնում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.