«Լեւոն Քոչարյանը թող շնորհակալ լինի, որ այսօր իշխանության գլխին իր հոր նմանը չէ, և չի անցնում մեր անցածի միջով».Խաչատրյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի կարծիքով՝ ընդդիմադիր գործող ուժերի փողոցային պայքարն արագացրեց վերջիններիս «թոշակի գնալու գործընթացը»:

«Այս հավաքը փողոցում գտնվող նույնիսկ երիտասարդ քաղաքական ուժերին թոշակի կուղարկի: Այս կեղծ պայքարը այդ քաղաքական ուժերի վերջին մարող ճիգերի ապացույցը կլինի»,- ասում է Խաչատրյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից ավելի վաղ արված հայտարարությանը, թե մայիսի 1-ին Հայաստանում իրականացվելու էր վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը՝ Խաչատրյանը նկատում է՝ եթե Սամվել Ալեքսանյանն իր աշխատակիցների հետ դուրս գա փողոց, ապա վստահաբար այդ մակարդակի մի հուժկու հանրահավաք էլ նա կարող է անել. «Միանալով այդքան քաղաքական ուժեր՝ ընդամենը 12 հազար մարդ էին կարողացել փողոց հանել: Ի դեպ, միավորվել են այն անձինք, որոնք այսօր ունեն լծակներ, բիզնեսներ, գործարաններ՝ դրանց աշխատողներով: Շրջանառվող լուրերի համաձայն՝ գումարով բերված մարդիկ էլ են եղել այդ ցույցին: Եթե իրենց պատկերացրած հուժկու հանրահավաքը դա էր, ուրեմն լուրջ մտահոգվելու տեղ ունեն, ու թոշակի գնալու ժամանակն է, պիտի գնան, նստեն տանն ու իրենց թոշակները ստանան»:

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի համոզմամբ՝ ընդդիմությունը նման սակավամարդ եւ ոչ մի արդյունք չունեցող հավաքներով արդեն իսկ ձախողել է, պարզապես հետդարձի ճանապարհ չունի:

«Երազում են տուն գնալու մասին, բայց ուզում են ինչ-որ կերպ արդարացնել իրենց տուն գնալը: Աստված են կանչում, որ իշխանությունը ոստիկանության միջոցով որեւէ տեսակի ուժ կիրառի, բռնություն գործադրի, որպեսզի իրենք պատճառ ունենան տուն գնալու»,- նշում է Խաչատրյանը:

Ըստ նրա՝ և հենց սա է պատճառը, որ վերջին օրերին ընդդիմադիրները ակնառու ագրեսիվ վարքագիծ են դրսեւորում՝ հնչեցնելով հայհոյանքներ, կիրառելով բռնություններ:

«Այս մարդիկ Երեւանի կենտրոնում են Արցախը «փրկում»: Սակայն իրականում իրենց ուզածը միայն իշխանություն է, այստեղ այլ կարծիք լինել չի կարող»,- վստահ է նա:

Խաչատրյանը նկատում է՝ ընդդիմադիրների սակավամարդությունը ակնառու է դառնում նաև նրանով, որ տարբեր մեքենաների եւ գույքի միջոցով են փորձում փողոցներն արգելափակել:

«Եթե հանրահավաքների ժամանակ մարդկանց են տանում աշխատատեղերից, վճարովի են գնում, ոմանք էլ անցորդներ են ու մի քանի րոպե կանգնում են հետաքրքրության համար, որ հասկանան, թե, ի վերջո, ի՞նչ է այդտեղ ասվում, սա չի նշանակում, թե այդ մարդիկ կգնան որեւէ գործողության: Նման դեպքեր լինում են միմիայն համապետական պայքարների ժամանակ, ինչի ականատեսը եղանք 2018 թվականին: Նման մի բան էր զարգանում նաեւ 2008 թվականին, ինչի դեմն առավ այսօրվա փողոցային ընդդիմությունը, որը այն ժամանակ իշխանություն էր: Թե ինչպես կանխվեց 2008-ի շարժում, գիտենք բոլորս»,- ասում է զրուցակիցը:

Անդրադառնալով անընդհատ շրջանառվող այն պնդումներին, թե ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրում՝ Խաչատրյանը նկատում է՝ ոստիկանությունը շատ լավ է կատարում իր աշխատանքը եւ հարգալից է քաղաքացիների նկատմամբ, չի տրվում սադրանքների.

«Այսօր փողոցում ընդդիմադիրները դրդում են ոստիկաններին նման քայլերի, բայց, միեւնույն է, ոստիկանները դրան տուրք չեն տալիս: Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, որը այսօր խոսում է ոստիկանության կիրառած ուժից, ես պարոն Քոչարյանին ուզում եմ իրազեկել իր հայրիկի կիրառած բռնի գործողությունների մասին, որոնք նա գուցե չի հիշում: 19 տարեկան էի, իմ հետ կային նույն տարիքի երիտասարդ աղջիկներ, ոտքը կորցրած Արտակ Զեյնալյանի հետ միասին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում էինք, երբ ուժով մեզ տարան ոստիկանություն, եւ դա մեկ անգամ չի եղել: Ոստիկանները տանում էին, 2-3 օր պահում, ոմանց անմարդկային ծեծի ենթարկում, այ դա էր բռնությունը»,- հիշում է Խաչատրյանն ու հավելում՝ թող Լեւոն Քոչարյանը շնորհակալ լինի Աստծուն, որ այսօր իշխանության գլխին իր հոր նման մեկը չէ, եւ ոստիկանության բաժիններում իրենք չեն ենթարկվում այն անմարդկային վերաբերմունքին, ինչի միջով անցել ենք մենք. փողոց դուրս եկած անձանց իշխանության ժամանակ ընդդիմությունը մահապարտ էր:

Ըստ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի՝ իշխանությունը մինչեւ օրս տուրք չի տվել ընդդիմադիր գործիչների սադրանքներին ու վիրավորանքներին, ինչը, ըստ Խաչատրյանի, ժողովրդավարության վառ դրսեւորում է: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ պետք չէ զգոնությունը թուլացնել, քանի որ չգիտենք, թե ինչ իրադարձություններ կարող են զարգանալ:

«Եկեք չմոռանանք՝ փողոցում գտնվողների պարագլուխն այն մարդիկ են, որոնց իշխանության ժամանակ Հայաստանի Հանրապետությունը տեսել է Հոկտեմբերի 27, սա այն իշխանությունն է, որի ղեկավարության տարիներին եղել է Մարտի 1»,- ասում է նա և ի լրումն ասվածի՝ ընդգծում՝ արդեն քանիցս ականատեսն ենք եղել այլ քաղաքական հայացք ունեցող եւ հրապարակավ այդ մասին բարձրաձայնող հասարակական ու մշակութային գործիչների վրա հարձակումների, հայհոյանքների տեղատարափին:

Ըստ Խաչատրյանի՝ որոշ իրավիճակներում թվում է՝ գործ ունենք անկառավարելի ամբոխի հետ. «Այս պարագայում, կարծում եմ, այդ անձանց ուղղորդում են այն մարդիկ, որոնք արդեն հոգնել են պայքարից եւ ժամ առաջ երազում են փողոցից դեպի ԱԺ-ի իրենց փափուկ աթոռներին վերադառնալ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.