Ազատության հրապարակի առաջին դեմքերից մեկը Արցախում՝ «Արմենիա» հյուրանոցում, հեռախոսով խոսելիս է լինում և ասում. «Հիմա դե սարերում թաքնված ենք, չեմ կարողանում կապի դուրս գալ, առաջիկա 1-2 օրը հարմար տեղավորվենք, կզանգեմ»

Իրենց ընդդիմադիր հռչակած գործիչներն իշխանության զավթման խիստ անհաջող գործընթաց են մեկնարկել, որը չունի որևէ հստակ հենք, չունի ընդգծված վերջնարդյունք: Սա խաղաղ հանրահավաք չէ, սա պարզապես պետությունը պարալիզացնելու փորձ է՝ առանց հստակ օրակարգի:

Անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի գործողություններին՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Ընդդիմությունն այսօր, ըստ Բաղդասարյանի, փորձում է իրականության հետ որևէ աղերս չունեցող թեզեր առաջ մղել:

«Բարձրագոչ կերպով հայտարարում են, թե Արցախը հանձնելու են, և այս իշխանությունը քաղաքացիներից գաղտնի, կամ ժողովրդի մեջքի հետևում հերթական գործընթացին է գնալու: Այնինչ բոլոր գործընթացները, որոնք այս պահին կան, խիստ բաց են և թափանցիկ, և նման բան չկա օրակարգում: Առիթ եղել է, և ՀՀ վարչապետը շեշտել է, որ Արցախի հետ կապված որևէ բան չի կարող լինել գաղտնի: Մենք որևէ պարագայում հակված չենք Արցախը կորցնելու: Սա հստակ է»,- ասում է մարզպետը:

Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ օրեր առաջ տեղի ունեցած համատեղ քննարկումը ևս մեկ անգամ հաստատում է վարչապետի խոսքերն առ այն, որ գործընթացները շատ բաց ու թափանցիկ են, և Արցախի իշխանությունները քաջատեղյակ են բոլոր դետալներից:

«Ես հասկանում եմ այսօրվա ընդդիմության ցասումը, որովհետև 3 տասնամյակ միջազգային ատյաններում և փակ դռների հետևում պայմանավորվել են մեկ բան և ժողովրդին ներկայացրել մեկ այլ բան: Բանակցային գործընթացում ամրագրված են եղել այլ պայմանավորվածություններ, և իրականությունը եղել է լրիվ այլ: Մինչ օրս էլ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները, ընդհուպ՝ առաջին դեմքերի մակարդակով, փաթեթային և փուլային տարբերակը չեն կարողացել տարբերել իրարից»,- նկատում է մարզպետը:

Ընդդիմության հաջորդ անհաջող թեզը, ըստ Բաղդասարյանի, կապված է հայ-թուրքական հարաբերությունների և սահմանային հստակեցումների հետ: Նշենք, որ, ի պատասխան ընդդիմության պնդումների, թե մեկնարկել է սահմանի վերասահմանագծման գործընթաց, ԱԳՆ երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։

«Այո՛, մենք ասում ենք, որ պետք է խաղաղության գործընթաց մեկնարկի, և դա այլընտրանք չունի: Իմ համեստ պատկերացումներով՝ խաղաղության հակառակ կողմը պատերազմն է: Եվ եթե դուք չեք ուզում խաղաղություն, ինչի մասին այսօր ասում, հայտարարում եք հնարավոր և անհնար բոլոր ատյաններից, ընկերներ, բա ի՞նչ եք ուզում դուք այս դեպքում: Ուզում եմ Ազատության հրապարակի բոլոր հավաքվածներին ասել, որ այսքանդ հավաքվել եք հիմա, որտե՞ղ էիք դուք մինչև նոյեմբերի 9-ը»,- նշում է նա:

Նազելի Բաղդասարյանը նկատում է՝ Արցախն Ազատության հրապարակում չեն փրկում, այլ ժամանակին պետք էր մինչև վերջին մարդը մնալ սահմանում՝ զինվորների, մեր տղաների կողքին:

«Առիթ ունեցել եմ այս պատմությունը լսելու, որը հիմա նաև բոլորին կպատմեմ: Ազատության հրապարակի առաջին դեմքերից մեկը Արցախում՝ «Արմենիա» հյուրանոցում, հեռախոսով խոսելիս է լինում և ասում. «Հիմա դե սարերում թաքնված ենք, չեմ կարողանում կապի դուրս գալ, առաջիկա 1-2 օրը հարմար տեղավորվենք, կզանգեմ»: Սա տեղի է ունեցել Ստեփանակերտի Ազգայի ժողովի հարևանությամբ գտնվող «Արմենիա» հյուրանոցի ճեմասրահում: Ինձ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է պատմել: Խոսքը ոչ ավելի, ոչ պակաս այսօրվա այս շարժումը գլխավորողներից մեկի մասին է, որը հայտնի է իր Շուշիի փախուստով (- խմբ. նկատի ունի ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին):

Բաղդասարյանի համոզմամբ՝ եթե ամեն մարդ լիներ իր տեղում և ոչ թե հրթիռային հարվածների ձայնից պատսպարվեր ապաստարաններում և իր թիկնազորին ասեր՝ դուրս եկեք, տեսեք՝ անցա՞վ ձայնային տագնապը, թե՞ չէ, ապա չէինք ունենա այն, ինչ կա. «Հիմա այս մարդիկ առանց որևէ ռեալ օրակարգի, հուզական ճառերով ժողովրդին ուզում են տանել բախման»:

Մարզպետի կարծիքով՝ ընդդիմության անկանոն գործողությունները կարող են բերել քաղաքացիների ցասման և դժգոհության. սոցիալական ցանցերում արդեն իսկ նկատելի են նման միտումներ:

«Միակ տեղը, որ տանում են, դա հերթական բախումն է, հերթական արնահեղությունը: Բորենիների դարաշրջանը, որոնց կառավարման ողջ ընթացքը արյամբ է գրված եղել, ուզում են կրկնել: Կան անհատներ, որոնք ձեռագիրը չեն փոխում: Եվ այստեղ բնավ էլ Արցախի հարցը չէ, այլ Արցախը դնելով նժարին՝ փորձում են հետ բերել իրենց թալանածն ու շարունակել կողոպուտը ժողովրդի հաշվին և ժողովրդի գրպանից: Այո՛, գուցե իրենք ունեն մի քանի հազար համախոհ, սակայն ի՞նչ է իրենց ուզածը, տանել արնահեղությա՞ն, հերթական Մարտի 1-ն են ուզո՞ւմ: Եվ կներեք, պատահական չէ, որ Ազատության հրապարակում հանգրվանած յուրաքանչյուր երկրորդ անձը անցնում է առնվազն 1-2 քրեական գործով, ոչ ավելի, ոչ պակաս պետության թալանի, յուրացման կամ վատնման հոդվածներով: Կարծում եք՝ սա պատահակա՞ն է: Ես կարծում եմ՝ ոչ»,- ասում է Բաղդասարյանը:

Մարզպետն արձանագրում է, որ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ընդդիմության ուսերին է, քանի որ առ այսօր իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել, չեն միջամտել, այլ գործողությունների կարգավորումը թողել են վերջիններիս գիտակցությանը:

«Մայիսի 1-ը որպես կուլմինացիայի օր համարող ընդդիմության հանրահավաքին 12.500 մարդ էր մասնակցել: Կարծում եք՝ 12.500 մարդը կարո՞ղ է վճռորոշել Հայաստանի ելքն ու ապագան: Նրանք անգամ հունիսի ընտրություններին տարած իրենց ձայների տոկոսային հարաբերակցությանը մոտ մարդ չեն կարողացել փողոց դուրս բերել: Եթե որևէ քաղաքական ուժ, քաղաքական շարժում, քաղաքական դելետանտներ չունեն ժողովրդի աջակցությունը, իսկ մենք տեսնում ենք, որ չունեն, ապա ինչի՞ մասին է խոսքը: Ես առավել, քան վստահ եմ, որ եթե ընտրությունների մեկ այլ հնարավորություն լիներ հենց այսօր, նրանք անգամ խորհրդարան չէին մտնի»,- ասում է զրուցակիցը:

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ մարզերում ընդդիմության այս գործողություններով հետաքրքրվողներ չկան կամ շատ քիչ են, Շիրակի մարզում՝ առավել ևս:

«Ընդամենը օրեր առաջ փորձեցին երթ անցկացնել Գյումրիում: Մենք բոլորս տեսանք՝ ովքեր էին հավաքված և ինչ քանակությամբ, և դա այն դեպքում, երբ Երևանից եկել էին իրենց խմբակցության առաջնորդը, քարտուղարը: Ես իրենց փոխարեն ամաչեցի, որովհետև այդ 250 կամ 220 մարդը, որ փողոցում էր, խոսում էր ժողովրդի կողմից աջակցություն չունենալու մասին: Հաջորդ օրը տեղի ունեցող շաբաթօրյակին յուրաքանչյուր կառույցի հարակից շրջանում շատ ավելի մարդկանց կարելի էր տեսնել, հետագա օրերին ցանկացած միջոցառմանն ավելի շատ մարկանց կարելի էր հանդիպել, քան նրանց հավաքին»,- նկատում է Բաղդասարյանը:

Այսօր հողի մշակը զբաղվում է իր գարնանացանի աշխատանքով, ուսուցիչը՝ իր աշխատանքին է, բժիշկը՝ իր գործով, և այսպես շատերին կարելի է թվարկել, ասում է մարզպետը, իսկ ընդդիմությունը պետք է մեկ բան հստակ հասկանա, որ երկիրը պարբերաբար ցնցումների տանելը վատ հետևանք է ունենալու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.