«Զարթնիր լաո» երգող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է փողոց փակելու փոխարեն «քելե լաո» երգեն՝ բռնելով Արցախ տանող ճանապարհը

1998-ին Արցախի հարցի պատրվակով, պալատական հեղաշրջման գնով իշխանության եկած սիամական զույգը՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք Արցախի խնդրի լուծմանը հղում անելով կարողացան 20 տարի իշխանությունը ուզուրպացնել, այսօր մտադիր են ռևանշի հասնել՝ այս անգամ արդեն ոչ թե Արցախի խնդրի լուծմանը հղում անելով, այլ՝ Արցախի գնով։

Ինչու Արցախի գնով, քանի որ Արցախի գինը խաղաղության օրակարգ մերժելն է՝ փոխարենն առաջարկելով ծանր գին երաշխավորող քաղաքական արկածախնդրությունը։ Այն, ինչին փաստացի դիմել են իրենց պաշտոնավարման շրջանում՝ իշխանությունը երկարաձգելու և վերարտադրվելու համար։ Նրանց՝ Արցախի խնդրի լուծման հայեցակարգը տարիների ընթացքում ապացուցեց, որ այն լուծման մասին չէր, այլ «հողերը հանձնելու» և դրա դիմաց Արցախի կարգավիճակ չստանալու, այսինքն՝ ոչնչի մասին էր։

Գործող իշխանությանը 2018-ին փոխանցված «բանակցային օժիտը», ստիպծված ենք այս էլ որերորդ անգամ արձանագրել, ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանի և Արցախի բանակցային կապիտույլացիա։ Այդ բառից բաղադրված կապիտուլյանտ բառը, որը նախկինների լեզվամտածողությանը հարազատ բառ է, հենց այնպես չէ, որ շրջանառվում է նույն այդ նախկինների քարոզիչների կողմից։ Այդ բառի տրամաբանությամբ գործած նախկին իշխանության հայտնի զույգը փորձում է իր թեզերի ու գործերի նյութականացումը տեսնել իրենից դուրս, ճիշտ այնպես, ինչպես թմրամոլներն ու ալկհոլիկներն են հրաժարվում խոստովանել և ընդունել, որ իրենցից ծնված հաշմանդամ երեխաները իրենց արատավոր մոլուցքի մարմնացումն են։ Արժանապատվության գեթ մեկ ունցիա ունենալու պարագայում այս զույգը պիտի հրապարակավ ընդուներ իր քաղաքական, դիվանագիտական և պետական կառավարման բոլոր ոլորտներին, այդ թվում՝ իր իշխանավարման գլխավոր երաշխիքի՝Արցախի խնդրի կարգավորման հարցով արձանագրած ֆիասկոն ու որպես երկրորդ ողջամիտ քայլ՝ քաղաքական դաշտն առժամանակ ազատեր իրենից։ Սա կդիտվեր և՛ որպես գործած մեղքերի խոստովանություն, և՛ քավություն իշխանության աղբյուր հանդիսացող ատյանից՝ ժողովրդից՝ ստանալով քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորություն։ Ասպարեզ կգային նոր, թարմ, չարատավորված, չխայտառակված ուժեր, որոնք իսկապես կարող էին դառնալ գործող իշխանության արժանավոր այլընտրանքը՝ իշխանությունը վերցնելու ռեալ երաշխիքներով, որոնք կփրկեին Արցախն ու Հայաստանը, եթե, իհարկե, բանը հասներ փրկությանը։ Մինչդեռ ունենք մի իրավիճակ, որը բնութագրելու համար ստիպված եք համեմատություն անցկացնել աշխարհին պատուհասած վիրուսի հետ։ Եթե «քաղաքական հիգիենայի» կանոնները զուգահեռենք կորոնավիրուսի համավարակի շրջանակներում կիրառվող միջոցառումների հետ, ապա նախկին իշխանությանը պետք է դիտարկել որպես վիրուսակիր, որը ենթակա է ոչ թե մարդամեջ դուրս գալու, այլ խիստ կարանտինի, բուժման, կրկնա- և կամ բազմակի թեստավորման և լիարժեք բուժված լինելու հավաստիք ստանալու դեպքում միայն՝ բնականոն հասարակական-քաղաքական կյանք վերադառնալու։

Մինչդեռ բուժումից հրաժարվող «վիրուսակիրները», խախտելով կարանտինի և սոցիալական հեռավորության ու սանիտարահիգիենիկ մնացած բոլոր կանոնները, դուրս են եկել փողոցներ ու անարգել ախտահարում են միջավայրը՝ սպառնալով ազգային անվտանգությանը՝ պետության իմունային համակարգին։ Ավելին՝ մտադիր են հեղհեղուկ, պատերազմից հետո կազդուրման փուլում գտնվող այդ իմունային համակարգը մինչև վերջ քայքայելու կամ, ինչպես իրենք են ասում՝ «մինչև քոք մաշացնելու» գնով հասնել պետական մարմնի նկատմամբ լիարժեք տիրապետության։ Եթե իհարկե պետությունը չդիմի «ուղեցույցով» նախատեսված հրատապ, կանխարգելիչ միջոցառումների՝ վիրուսի թափանցումն ու հաստատումը բացառելու համար։ Պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի իր բոլոր օրգան համակարգերի, առողջ հյուսվածքների ու բջիջների առաջ, դրանք ախտահարումից ու վնասումից պաշտպանելու պարտավորություն։ Եվ մինչ պատկան մարմինները կզբաղվեն իրենց պարտավորություններով՝ արձանագրենք․ ՀՀ-ի «թրքացման», «Արցախի հանձնման» մասին խուճապային թեզեր շրջանառելով ակցիաներ սանձազերծած նախկին իշխանության պարագլուխները Արցախի փրկության ոչ մի ծրագիր՝ որպես այլընտրանք իշխանության առաջարկած խաղաղության օրակարգին, չեն առաջարկում, քանի որ անառողջ քաղաքական ամբիցիաներ ունեցող, քաղաքական «բանկրոտի» ենթարկվածները փրկության մեկ օրակարգ ունեն՝ սեփական գողոնը, և փրկության ենթակա միայն մեկ սուբյեկտ՝ սեփական մաշկը։ Մնացածը, ինչպես ասում են, օճառային օպերա է՝ դերասանական անդուր խաղով։

Արդ, ունիտար երկրի ներսում, որի 98,1 տոկոսը, ըստ պաշտոնական վիճակագրության, հայեր են, «լաո»-ներ արթնացնելու, նրանց մեջ քաղաքացիական վրեժ բորբոքելու, նրանց ձեռքերով իրենց հայ հայրենակիցների շրջանում «թուրք» որսալու փոխարեն պարոնայք երկրորդ և երրորդ նախագահները պետք է քայլ անեն, վերստին մերժեն ինքզինքը, «լաո»-ներին տուն ուղարկեն ու միմյանց թևանցուկ անելով երգեն մեկ այլ երգ «լաո»-ի մասին, միայն թե այս մեկը․ «Քելե լաո, քելե երթանք մըր էրգիր»։ Էրգիրըն էս դեպքում Արցախն է, իրենց հարազատ ծննդավայրը, իրենց իսկ ասելով՝ փրկության կարոտ ու փրկության կանչող։ Պետք է շտապ ականջալուր լինել այդ կանչին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հեղինե Մանուկյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.