Զոհված զինվորների ծնողների վիշտը շահարկում են կոնկրետ դեմքեր, կոնկրետ նպատակի համար․ շահառուները նախկին իշխանության պարագլուխներն են

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի հատվածը «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի»՝ կոնտեքստից կտրվում և լայնորեն շահարկվում է ընդդիմության կողմից։ Թեև դա ունեցել է նախաբան, և Փաշինյանը հստակ ասել է, որ մենք չենք որոշել՝ պաատերազմ լինի, թե՝ ոչ, մենք չէինք կարող կանգնեցնել պատերազմը, զոհերի հարազատների շրջանում ատելություն է քարոզվում քաղաքական նպատակներով։

Եվ ահա, այս հայտարարությանը հղում անելով և զոհերի հարազատների բարոյահոգեբանական խոցելի վիճակն օգտագործելով, ընդդիմությունը փորձում է նրանց փողոցներ հանել՝ ապահովելու իր ակցիաների մարդաշատությունը։

«Հինգ հազար զոհի փաստի առաջ կանգնեցրին և անամոթաբար, սրիկայաբար ասացին, որ այդ ամենը կարող էր և չլինել»,- նախօրեին հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Օրերս էլ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքական նոր հանգրվանի փնտրտուքների մեջ գտնվող Նաիրա Զոհրաբյանն էր հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը «մատաղ է արել» 5 հազար երիտասարդի։

Ի պատասխան մեր դիտարկմանը, թե՝ Փաշինյանի խոսքը շահարկվում է քաղաքական նպատակներով, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը Արցախի, Շուշիի զոհերի մասին արտահայտվելիս պետք է չափազանց զգուշավոր լինի, գրավոր տեքստով ասի ասելիքը՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը։ Ընդդիմությունը կարող է ամեն ինչ կարդալ ու մեկնաբանել այնպես, ինչպես ինքն է ուզում, խնդիրն այն է, որ եթե քո լսարանում նաև զոհերի հարազատներն են, պետք է հասկանալ, թե ամեն մի միտք ինչպես է ընկալվելու»։

Մեր զրուցակիցն այնուհետ հավելեց, թե զոհերի հարազատների պահվածքը մարդկային առումով հասկանալի է, թեկուզ նաև այն, որ որոշ ծնողներ առաջարկում են Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունից հետո քրեական գործ հարուցել և նրան ներգրավել որպես մեղադրյալ։

«Բայց հարցի երկրորդ կողմն էլ կա՝ ինչ հանգամանքներում ու ինչի հետևանքով են եղել զոհերը։ Շատ դեպքերում հրամանատարների անբացատրելի վարքի հետևանք են, ինչպես ցույց են տալիս պատերազմին մասնակցած տղաների բազմաթիվ վկայությունները, հատկապես՝ Շուշիի ընկնելու վերաբերյալ։ Փողոցային այս պայքարի մոտիվացիաների թվում նաև զոհերի հետ կապված բացահայտումների հանգամանքը կա։ Ես չգիտեմ՝ զոհերի արձանագրման պատճառների վերաբերյալ սպասվող սկանդալային բացահայտումներն են գուցե ստիպել ընդդիմությանը դուրս գալ փողոց։ Պատերազմի քննության հանձնաժողովն արդեն սկսել է տեսանելիորեն գործել, և, այո՛, պետք է հանձնաժողովն արագ աշխատի ու բացատրություններ տրվեն նաև զոհերի թվի մասով, թե՝ ինչու այսքան և ինչի հետևանքով։ Ես չգիտեմ՝ ինչից են անհանգստացած ընդդիմության ղեկավարները, բայց տեսանելիորեն այս զարգացումները՝ իշխանության շահագրգռությունը՝ բացահայտել պատերազմի հանգամանքները, ոնց որ թե կապ ունեն դրա հետ։ Ակնհայտորեն հետաքննության մասով ընդդիմության շարքերում խնդիր են տեսնում, և հարց է ծագում՝ այն հրամանատարները, նրանց հարազատները, որոնց անուն ազգանունը շրջանառվել է պատերազմում այս կամ այն ենթադրյալ գործողության կամ անգործության կապակցությամբ, ինչո՞ւ են հրապարակում։ Արդյոք միայն նրա համար, որ հավատում են իշխանափոխությանը։ Ակնհայտ է, որ նրանց ինչ-որ բան դուրս է բերել փողոց, որոնցից մեկն էլ, ենթադրաբար, անցանկալի բացահայտումներ են պատերազմի և հատկապես զոհերի վերաբերյալ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը լսելու է բոլոր այն զինծառայողներին ու կամավորներին, որոնց պատերազմի օրերին քարոզել են, «թե «Նիկոլը հողերը տվել է, կռվելն իմաստ չունի» և հավելել, որ հանձնաժողովը քննելու է նաև դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբոր պատասխանատվության ներքո Հադրութի անկումը և ընդդիմադիր ցույցերի մասնակից գեներալ Տիրան Խաչատրյանի պատասխանատվության տակ գտնված Ջաբրաիլի ուղղության ճեղքումը։

Նկատենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնց շահագրգիռ ուժերը հաջողել են մանիպուլացնել՝ հղում անելով Փաշինյանի վերոհիշյալ ձևակերպմանը, մի քանի օր է՝ ակցիաներ են իրականացնում Դատախազության առջև։ Ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն առնչվող քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, այլապես, իրենց պահանջը չբավարարելու դեպքում կդիմեն ծայրահեղ քայլերի։ Նրանց պահանջը, նշենք, արդեն իսկ բավարարվել է։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։ Նշված միջնորդությունը Դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկելու։ Ի պատասխան Դատախազության միջնորդության վերաբերյալ civic.am-ի հարցման՝ Կոմիտեից հայտնեցին, որ միջնորդությունը ստացել են և այն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի։

Իսկ մինչ այդ՝ զոհվածների հարազատները միացել են փողոցային ակցիաներին՝ պահանջելով իշխանության հրաժարականը, քանի որ կարծում են, որ հայկական կողմը Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելով մտադիր է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Ակնհայտ է, թե ովքեր են ուղղորդում զոհերի հարազատների գործողությունները և ինչ շահեր սպասարկելու համար։ Ինչպես հայտնի է՝ որդեկորույս ծնողներին իշխանափոխության օրակարգի շուրջ մոբիլիզացնելու պարտականությունն իր վրա է վերցրել մասնավորապես «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Վերջինս, ինչպես հայտնել ենք, ֆեյսբուքյան իր էջի միջոցով երեկ իրազեկում էր հրապարակել, համաձայն որի՝ իրենց են միանում զոհված զինծառայողների արցախցի հարազատները՝ այսպիսով խրախուսելով արցախցիների միացումը Երևանում ծավալվող արցախափրկիչ շարժմանը։

Այսօր Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով գործող պատգամավորը վերաթարմացրել է երեկ տարածած իրազեկումը՝ տեղեկացնելով, թե մինչ 16 ։30 -ը սպասվող հավաքը մեկ այլ հավաք է նախատեսված Գլխավոր դատախազության մոտ։ Պատգամավորը կոչ է արել տարածել հավաքի մասին հայտարարությունը՝ չթաքցնելով իր շահագրգռությունը ակցիաների մարդաշատությունն ապահվելու հարցում։

Նկատենք, որ որդեկորույս ծնողների սուգը քաղաքականացնելու, նրանց շրջանում իշխանության հանդեպ ատելություն քարոզելու և իշխանափոխության նպատակով օգտագործելու հարցում ակնհայտ են նաև օրերս Վանեցյանի նստացույցին միացած «5165» շարժման հիմնադիրներից Կարին Տոնոյանի, ինչպես նաև զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղազարյանի ջանքերը։

Հաջորդ մանիպուլյացիան, որը տարածում են փրկչի փիլոն հագած ռևանշիստները, առնչվում է ՀՀ-ի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Իմաստախեղելով հայ-թուրքական գործընթացի բովանդակությունը, փրկչական խմբակն այն ներկայացնում է որպես Հայոց ցեղասպանության ուրացում՝ հանուն Թուրքիայի հետ բարեկամության։ Մինչդեռ գործընթացի երկու կողմերը քանիցս վերահաստատել են՝ այն ընթանում է առանց նախապայմանների, ինչը հերքում է Ցեղասպանության ժխտման կամ ուրացման թեզը։ Հարկ է նկատել, որ փողոցային պայքարի ելած ընդդիմության լիդերներից մեկի՝ Սերժ Սարգսյանի օրոք ստորագրած հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների ենթահանձնաժողով ձևավորելու մասին կետ էր ներառված, որով ուղղակիորեն կասկածի տակ էր դրվում Ցեղասպանության փաստը։ Իսկ ահա Քոչարյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ պատկերացումների և վերաբերմունքի մասին չափազանց պատկերավոր բնորոշում է տվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մասնավորապես նշելով՝ Քոչարյանը չգիտեր՝ ինչ բան է Ցեղասպանությունը, բայց այն դիտարկում էր որպես սփյուռքից «փող կթելու» միջոց։

Ցեղասպանության, Արցախի հարցի վրա պարազիտանալով իշխանության եկած խմբակն այժմ էլ փորձում է իշխանությունը վերազավթել՝ նորից հղում անելով Արցախին ու Ցեղասպանությանը։
Ընդգծենք՝ փորձում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.