Երեկ ես նստած էի դագաղի կողքին, որի մեջ իմ կյանքն էր, նրա մեջ՝ իմ երեխան

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ օրեր առաջ ողբերգական վրաերթի հետևանքով մահացած երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կնոջ հետ լուսանկարներ ու նկարագրել իրենց ծանոթություն, շփումների առաջին շաբաթները…

«Մենք ապրեցինք կյանքը ժպիտով։ Հիմա ես ժպտում եմ արցունքների միջից, միայնակ։

Երեկ հոգեհանգստի արարողությունն էր։ Մի շաբաթ առաջ ես չգիտեի՝ դա ինչ է։ Երեկ ես նստած էի դագաղի կողքին, որի մեջ իմ կյանքն էր, նրա մեջ՝ իմ երեխան։

Նա չափազանց շատ էր կենտրոնացած ուրիշների վրա, ահա այդ պատճառով ես պետք է պատմեմ նրա մասին։ Գոնե մի քիչ»։

Ամուսինը պատմում է՝ Սոնան ծնվել է բժիշկների ընտանիքում, ունի փոքր քույր, արտաքինով կարծես ջրի երկու կաթիլ լինեն, բայց բնավորությամբ՝ խիստ տարբեր։

«Սոնայի համար իր տատիկն է եղել օրինակ։ Մի նուրբ ու սիրալիր կին, պատմության նախկին ուսուցչուհի։ Նրանք մեծացել են՝ քայլելով «Հաղթանակ» զբոսայգում ու միասին կարդալով։ Հիմա իմ Սոնան գրքեր կտանի իր տատիկին։ Երբ Սոնան հոգնած տուն էր վերադառնում, զանգում էր տատիկին. «Ալո, տատուլյա»։ Նա հոգ էր տանում բոլորի մասին՝ փոքրերի, երիտասարդների, տարեցների։

Նրա ծնողները ջանասիրաբար աշխատել են՝ իրենց երկու երեխաներին լավ ապագա կառուցելու համար։ Հնարավորություններով լի ապագա։ Նրանք մեկնել են Ռուսաստան, երբ Սոնան դպրոցական էր։ Բայց իմ Սոնան երբեք չէր համաձայնի այդ որոշմանը։ Նա չի մնացել Մոսկվայում, և վերադարձել է Երևան կրթություն ստանալու։ Հիմա նա ավելի շատ ժամանակ կանցկացնի տատիկի հետ։
Նա միաժամանկ և սովորում էր, և սովորեցնում։ Նա միայն չէր դասավանդում, նա աշխատում էր հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Ես սարսռում եմ՝ պատկերացնելով, թե ինչքան դժվար է դա։ Նա այստեղ էր բոլորի համար, նույնիսկ նրանց, ովքեր չէին կարողանում իր անունն ասել, նրանց, որ երբեք էլ չէին կարող իրեն տեսնել»,-պատմում է ամուսինը։

Ամուսինը գրում է՝ Սոնայի հետ ամեն ինչ յուրահատուկ էր, համերգ գնալը, սուրճ խմելը։

«Նա ցանկանում էր, որ մեր հարաբերությունները գաղտնի պահեինք։ Հիմա շատերի համար դա անակնկալ է։ Մենք միասին էինք։ Ոչ մատանիներ, ոչ փաստաթղթեր, եկեղեցի ու խոստումներ։ Մենք իրար համար էինք։ Ես առաջինն էի մտնում սրճարան ու ստուգում, արդյոք մեր ընդհանուր ընկերներից կա՞ն այնտեղ։ Խնդիր է բազմամարդ Երևանում»,-ասում է նա։

Աշոտ Վարդանյանը հիշեցնում է, որ երեխայի էին սպասում, ծրագրեր ունեին առաջիկա տարիների համար։

«Մենք միասին էինք ընդամենը 8 երջանիկ ամիսներ։ Դա շատ քիչ է։ Մեր աղջնակը յոթ ամսեկան էր։ Նա աշխարհի ամենասպասված ու սիրված երեխան էր։ Նա յուրահատուկ էր լինելու, մեզանից ավելի լավը, այնպես գեղեցիկ, նուրբ ու ինտիլիգենտ, ինչպես իր մայրիկը։

Սոնան ասում էր, որ ես աշխարհի ամենաուժեղ տղամարդն եմ, ու մեր դստրիկն ինձ նման է լինելու։ Ես ուժեղ էի, քանի որ նա ինձ հետ էր։
Մեր առաջին ժամադրություններից մեկի ժամանակ ես մի ցուցակ կազմեցի՝ դրա մեջ ներառելով իմ՝ ինձ համար ատելի բաները։

Ես վախենում էի, որ նա կսիրի ինձ, և ես նրան ցավ կպատճառեմ։ Աշխարհի ամենամաքուր մարդը. Նա չլսեց: Նա սիրում էր իմ բոլոր անկատարությունները:

Ահա թե ով էր նա.
Լավագույն դուստր
Լավագույն քույր
Լավագույն առաջնորդ
Լավագույն կին
Լավագույն մայր
Եվ իմ կյանք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.