Իր երեխային գետը նետած մայրը խոստովանել է, որ փոքրիկն իրեն խանգարում էր, նա նաև ամուսնուն է մեղադրել կատարվածում

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ օրերս 2 տարեկան դստերը Ալավերդիում Դեբեդ գետը նետած մայրը դեպքը բացահայտվելուց եւ կատարվածը խոստովանելուց հետո ասել է, որ փոքրիկն իրեն խանգարում էր՝ հետագա կյանքը դասավորելու համար: Նա իր արարքը «արդարացրել» է՝ ասելով, թե երեխան խանգարում էր, քանի որ վերջինիս փոքր լինելու պատճառով իրեն ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում:

Նա ամուսնուն ևս մեղադրել է՝ նշելով, թե իրեն այդ քայլին ամուսինն է դրդել նաև: Ըստ նրա՝ տղամարդն ասել է, թե իրենք այդ փոքրիկի կարիքը չունեն, առավել եւս, որ ինքը չէ աղջնակի կենսաբանական հայրը:

Նշենք, որ 2-ամյա աղջնակը տեղափոխվել է Երեւանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության: Չնայած ջրահեղձությունից առաջացած բարդություններին՝ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Երեխան ուշքի է եկել, այսօր անգամ խոսել է բուժանձնակազմի հետ եւ բակ դուրս գալու ցանկություն հայտնել:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Փոքրիկի 30-ամյա մայրը ձերբակալվել է:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Դեբեդ գետից, 2 տարեկան երեխայի են դուրս բերել: Կյանքը վտանգելով՝ երեխային անգիտակից վիճակում գտել եւ դուրս էր բերել Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանը: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր պարգեւատրել է նրան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.