«Ապահովել այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում և իրեն զգա ղարաբաղցի, արցախցի և հայ». Նիկոլ Փաշինյանը՝ մարտավարության մասին

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իմ հայտարարություններին հաջորդած շահարկումներին, թե նախկինում հայտնի չի եղել նման հորդորի մասին, պետք է տարակուսանքս արտահայտեմ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թվականին Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողը իջեցնելու փաստաթուղթ, քանի որ այդ փաստաթղթի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հետաձգումն էր անորոշ ժամանակով»,- ասաց նա:

Վարչապետը մեջբերեց տարբեր հորդորներ, գործընթացներ, որոնք այդ նշաձողն իջեցնելուն էին ուղղված: «Այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, որ դրանք գոյություն չեն ունեցել»,-ասաց նա և նշեց, որ այն, որ հնարավորինս շատ քարտեր է բացում հանրության համար, վկայությունն է, որ հանրության առաջ հաշվետու լինելը կարևոր հանգամանք է իրենց համար:

«Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է. ապահովել այնպիսի իրավիճակ կամ լուծում, որ արցախցին ապրի Արցախում և ապրի այնպես, որ իրեն զգա, համարի ղարաբաղցի, արցախցի և հայ: Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում, կամ Լեռնային Ղարաբաղում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինելու երբեք: Սա է հարցի առանցքը, մնացածը, կներեք, բաժակաճառ է, և այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու և Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ դա թույլ չեն տա անել, Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա։

«Նաև թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն, քանի որ համոզված ենք, որ հենց խաղաղության օրակարգն է, որ ապահովելու է Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագան»,- հավելեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.