«Որպես ԱԱԾ տնօրեն՝ Վանեցյանը բազմաթիվ արարքներ է կատարել, որոնք պետության անվտանգությունը թուլացրել են». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թքած ունի իր ուսադիրների վրա, իսկ գործողությունը, որը նա ծավալել է Երևանի Ազատության հրապարակում և պայքար է համարում Արցախի համար, այդպես չէ:

Իոաննիսյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

— Պարոն Իոաննիսյան, վերջին օրերին, սրանից առաջ՝ ևս, Դուք գրառումներ եք կատարում և խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի համար մղվող պայքարի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փախուստի է դիմել իր ջոկատով: Իսկ այսօր, ըստ իր խոսքերի, պայքարում է Արցախի համար: Ըստ Ձեզ՝ հայկական կողմի պարտության մեջ Վանեցյանն ունի՞ իր մեղավորության բաժինը:

— Արթուր Վանեցյանը դեռևս մինչև պատերազմը, որպես ԱԱԾ տնօրեն, բազմաթիվ արարքներ է կատարել, որոնք պետության անվտանգությունը թուլացրել են: Սկսած նրանից, որ ԱԱԾ-ի հակահետախուզական ստորաբաժանումներն իրենց գործով զբաղվելու և դավաճաններին գտնելու փոխարեն (մենք շատ լավ գիտենք, որ դավաճաններ կան և եղել են) զբաղված էին կոռուպցիաների բացահայտմամբ և շոուներ կազմակերպելով: Երբ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենի հեռախոսազանգերը և հրապարակում դրանք, դրանից հետո, բնականաբար, ԱԱԾ-ի ցանկացած գործակալ կվախենար արդեն կառույցի հետ համագործակցել: Կամ, երբ հրապարակվեց Արարատ Միրզոյանի նամակը, որտեղ վերջինս Թուրքիայի հետ համագործակցելու համաձայնեցում էր տվել, այդ դեպքից հետո ցանկացած մարդ, որը պատրաստվում էր նույնպես նման նամակ գրել, կվախենար արդեն: Քաղաքական նպատակների համար ԱԱԾ-ն նա թուլացնում էր:

Իսկ ինչ վերաբերում է Շուշիից փախուստին, ազնվությամբ պետք է ասեմ՝ միայն նրանք չեն փախչել: Շատերն էին փախչում, բայց հետո դուրս չեն եկել և չեն գոռգոռում, որ՝ ա՛յ, ուրիշները դավաճանեցին: Ընդհանրապես իմ պատկերացումները սպայի մասին այլ են: Տեղի ունեցածից հետո Վանեցյանն ուղղակի ինքնասպան պետք է լիներ՝ իր արժանապատվությունը պահելու համար: Իրեն հարգող յուրաքանչյուր սպա նման խայտառակ պարտությունից հետո իր գլխից պետք է կրակեր:

— Ինչ եք կարծում՝ պաշտպանական գերատեսչությունն ինչո՞ւ մեզ համար այդքան կարևոր տեղանքի՝ Շուշիի պաշտպանությունը վստահեց Վանեցյանի ջոկատին: Չե՞ք կարծում, որ այս մասում ավելի արհեստավարժ ջոկատների կարիք կար:

— Չեմ փորձի հիմա դավադրություններ ման գալ: Արթուր Վանեցյանը փախչել է Շուշիի մարտերից ոչ թե նրա համար, որ ուզում էր՝ Շուշին մնար Ադրբեջանին, այլ ուղղակի վախեցել է: Երկու արկ է ընկել կողքին, թողել գնացել է: Նա սովորական վախկոտ է, այդքանը: Իսկ պաշտպանության մասով. այդ ընթացքում այնպիսի իրավիճակ էր, որ որտեղ կային բաց տեղեր, որտեղ օգնություն էր պետք, բոլոր հնարավոր ուժերը ներգրավվում էին:

— Վանեցյանը գեներալ-մայորի կոչում ստացավ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք: Այսօր էլ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե՝ «գլուխները պատով կտան՝ ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումներին ես արժանացել եմ»: Նախ, ըստ Ձեզ, որքանո՞վ է բարոյական նման կերպ արտահայտվելը, և հետո, պե՞տք է նա հրաժարվի այդ կոչումի՞ց, թե՞ ոչ, երբ ում առաջարկով այն ստացել է, այդ մարդուն, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին, մեղադրում է հայրենիքը դավաճանելու համար:

— Վանեցյանն իր ուսադիրների վրա վաղուց է թքել: Եթե ինքն իր ուսադիրներին լուրջ վերաբերվեր, արդեն ինքնասպան եղած կլիներ այդքան տապալումից հետո: Նա վախկոտ «маленький сынок»- է:

— Ասում եք՝ Վանեցյանը քաղաքական նպատակների համար ԱԱԾ-ն թուլացրեց: Ինչ եք կարծում՝ ի սկզբանե այդ նպատակո՞վ էր ընդունել ԱԱԾ տնօրեն լինելու առաջարկը:

— Ո՛չ, նշանակվելուց հետո: ԱԱԾ տնօրեն դառնալուց հետո Վանեցյանը բավականին մեծ ամբիցիաներ ուներ, ուզում էր Արարատ Միրզոյանի փոխարեն դառնալ ՀՀ փոխվարչապետ: Բայց այդ ամենը նշանակվելուց հետո:

— Վերջերս կարծիք եք հայտնել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը սկսեց իր նստացույցն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլին ուղղված մեղադրական խոսքեր ասաց ԱԺ ամբիոնից: Սա ակնա՞րկ է, որ նրա գործողությունները ուղղորդված են ինչ-որ տեղից:

— Արթուր Վանեցյանի ցույցերի հետևում կան ռուսական հետքեր: Փաշինյանն ԱԺ-ում ինչ-որ չափով հակառուսական ելույթ ունեցավ՝ չընդգծելով Ռուսաստանի անունը, բայց բոլորս էլ հասկացանք, որ ՌԴ-ի մասին է խոսքը, ոչ թե, օրինակ, Կամբոջայի: Վարչապետը նշեց, որ ՌԴ-ն իր մասնակցությունն է ունեցել ՀՀ-ի հետ կատարվող ողբերգություններում, ու մենք պետք է պետություն լինենք, ոչ թե օտարի ձեռքին մատաղացու: Օտարն էլ պարզ է, թե ում հետ է: Այ սրանից հետո Վանեցյանը դուրս եկավ ցույցի: Վանեցյանը և նրա թիմակիցները մեկ նպատակ ունեն՝ անել այն, ինչ պետք է Կրեմլին: Իրենք փրկություն ոչ մի բանի մեջ չեն տեսնում: Բացի փողից՝ այլ արժեք չունեն:

— Ընդդիմությունը, որ, թվում է, այսօր պետք է միանական լիներ, քանի որ հանուն Արցախի է պայքարում, կարծես թե այնքան էլ այդպես չէ: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ Վանեցյանի հետ միասին նույն գործողությունը չեն իրականացնում: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ասում են, թե իրենք իրենց օրակարգը շուտով կհանրայնացնեն: Եթե նպատակը մեկն է՝ Արցախը, ապա ինչո՞ւ միասին չեն պայքարում:

— Ուզում են՝ միասին անեն ակցիաները, ուզում են՝ առանձին, իրենք բացի փողից ու գողացածը հետ բերելու մտքից, այլ գաղափարներ չունեն: Իրենց ակցիաներն ուղղված են իշխանության գալուն: Այսքանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.