«Իբրև ողորմություն մի խնդրիր այն, ինչ կարող ես ուժով կամ խելքով ձեռք բերել» . Այսօր Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։

Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։ 1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։

Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.