«Ժուլիկները Ստալինին դաջում էին կրծքին, երբ նրանց ծեծում էին, ասում էին՝ Ստալինի՞ն եք խփում, հիմա մեր ընդդիմությանն է». Էդվարդ Անտինյան

Վերջին 30 տարվա ընթացքում ավելի անփառունակ ընդդիմություն, քան այս պահի ընդդիմությունն է, ես չեմ տեսել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործողություններին, մասնավորապես՝ ՀՀ մարզերում և տարբեր այլ տեղերում Արցախի դրոշը տեղադրելուն և ԱԺ նիստերը բոյկոտելուն:

«Նրանք խոստացել էին իշխանափոխություն անել, սակայն չկարողացան: Հետո իրենց արդարացնելու համար գնացին Ազգային ժողով՝ ասելով, թե այդպես կանեն իշխանափոխություն, սակայն դա էլ չկարողացան: Հիմա էլ փորձում են իբր հայրենասիրական քայլեր կատարել՝ տեղադրում են Արցախի դրոշը»,- ասում է նա:

Անտինյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից մի պատմություն է վերհիշում՝ այդպես համեմատական տանելով այդ պատմության և ներկա ընդդիմության գործողությունների միջև: Նրա խոսքով՝ տվյալ շրջանում գրպանահատներն իրենց կրծքին Իոսիֆ Ստալինի դիմանկարն էին դաջում, և երբ բռնվում էին, ու նրանց ծեծում էին, բացում էին կուրծքը և ասում՝ ընկեր Ստալինի՞ն եք խփում:

«Հիմա էլ «մանր ջեբկիրները» դրոշի հետ կապված հիմարություններ են անում: Մենք գիտենք, որ Արցախը սուվերեն պետություն է, դրոշն էլ այդ սուվերենության պետական խորհրդանիշն է: Հիմա նրանք վերցրել են պետական խորհրդանիշը, և, որքան էլ այն հայկական է, այստեղ-այնտեղ են տեղադրում, անունն էլ դնում են, թե Արցախը չմոռացվելու համար են անում: Արցախը թող նկարեն իրենց ճակատներին, որ մարդիկ չմոռանան, սակայն թող չանարգեն դրոշը»,- կարծում է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը որքան էլ պնդի, թե գործող իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, լավը չէ, միևնույն է, մինչև նրանք ավելի լավը չդառնան, քան այս իշխանությունն է, ոչնչի չեն հասնելու:

«Եթե ժողովուրդը նրանց չի ընտրում, ուրեմն ստացվում է, որ վարչապետին անվստահություն չի հայտնում, թեկուզ այն պարագայում, երբ իշխանությանը 24 ժամ վատաբանում են»,- ասում է Անտինյանը:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ սահմանափակելուն՝ Անտինյանը նկատում է՝ նրանք նախ պետք է փորձեին հասկանալ, թե ո՞ւմ հրահանգով է սահմանափակվել, ոչ թե անմիջապես մեղադրեին գործող իշխանությանը:

«Կար երկու տարբերակ՝ եթե չեն թողել մուտք գործել Արցախ, ապա պետք է պահանջեին ցույց տալ այն գրավոր փաստաթուղթը, որի հիմքով արգելվել է, կամ գոնե հարցնեին՝ ումի՞ց են այդ ցուցումը ստացել: Սակայն նրանք սա անելու փոխարեն ասում են՝ Ալիևը զանգել է Փաշինյանին, Փաշինյանն էլ զանգել է ռուսներին, նրանք էլ չեն թողել: Բա ասում են՝ երբ լինեն իշխանության, այսպես կանեն, այնպես կանեն, Շուշին ու Հադրութը հետ կբերեն, վկայակոչում են ռուսների հետ իրենց իդեալական հարաբերությունները, ուրեմն պիտի շատ արագ կարողանային պարզել, թե իրականում իրենց ո՞վ թույլ չի տվել»,- նշում է քաղաքագետը:

Անտինյանի խոսքով՝ ընդդիմությունը խորհրդարանում մի բանի համար է հայտնվել՝ իշխանությունը զավթելու, ոչ թե հայրենիքի փրկության, ինչպես ներկայացնում են: «Դուք դա էլ չեք կարողանում անել, ուրեմն անելիք չունեք այդտեղ»,- եզրափակում է քաղաքագետը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.