«Եթե ինչ-որ մի աղջնակ գալիս է այստեղ, իր ներքնաշորն է ցուցադրում, չի նշանակում, որ ես պիտի իր անդաստիարակ պահվածքին արձագանքեմ»․ Վիգեն Խաչատրյան

Այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է քննարկվել 2022 թվականի փետրվարի 28-ի Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը:

«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք մենք կանգնած և, ըստ իս, պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները մեր ժողովրդի հետ»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ մենք հետևություն չենք արել Սումգայիթից, չենք խորացել Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ. «Չմտածեցինք, թե Կոլցո օպերացիան ուր է տանում, ինչը ի վերջո բերեց նրան, որ մենք ունենք ԼՂԻՄ մի զգալի հատվածի կորուստ: Որտե՞ղ մենք պիտի կանգ առնենք, որտե՞ղ պիտի հասկանանք, թե մեր նպատակն ի՞նչ է՝ ապրել ու զարգանա՞լ, թե՞ հերոսաբար ոչնչանալ»:

Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ նաև ժողովրդի վստահության թեմային և նշեց, որ 98-ին Լևոն Տեր-Պետրոսյանը չգնաց լուծման, քանի որ իշխանությանն այլևս չէին վստահում: Նրա խոսքով՝ խաղաղության ծրագիրն առաջ տանելու համար պիտի ավելի նվիրվել այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել 2018-ին:

Նա ընդգծեց, որ դահլիճի աջ հատվածի մասին չարժի խոսել. «Եթե մի աղջնակ գալիս է այստեղից ներքնաշորն է ցուցադրում, դա չի նշանակում, որ ես պիտի արձագանքեմ իր անդաստիարակ պահվածքին»:

«Մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովել Ղարաբաղի հայաթափության բացառումը»,- ասաց Վիգեն Խաչատրյանը և հավելեց, որ ինքն ուզում է հայկական պետություն կառուցվի, որ մեր մշակութային արժեքներն ապահովվեն մեր պահվածքում, մեր աշխատանքում, ուզում է, որ մենք օգնենք եկեղեցուն իր դերի մեջ մտնել, ոչ թե քաղաքականությամբ զբաղվել:

Վիգեն Խաչատրյանը վերջում մեջբերեց նաև Վանոյի խոսքերը՝ «նրանք, ովքեր ասում են՝ մահ կամ ազատություն, նրանք ստանում են ազատություն, իսկ ժողովուրդները՝ մահ». «Մենք ուզում ենք, որ ապրի մեր ժողովուրդը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.