«Բացառելու ենք պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց․..». Նիկոլ Փաշինյան

Հանրակրթության ոլորտում կարևորագույն ինստիտուցիոնալ փոփոխությունը 300 դպրոցների կառուցման, հանրակրթության պետական չափորոշիչի ընդունման շարքում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը նույնպես մեկնարկել է 2021 թվականին ու պիտի լինի շարունակական: Այս մասին կառավարության ծրագրի՝ 2021 թ. կատարման արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ գործընթացով մենք միջնաժամկետում լուծելու ենք երկու կարեւորագույն խնդիր. բացառելու ենք պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց եւ ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացման մեխանիզմ ենք ստեղծելու: Այս գործընթացը արդեն սկսված է, եւ 2021 թվականին տեղի ունեցած կամավոր ատեստավորման արդյունքում շուրջ 400 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 30-ից 50 տոկոսով:

Գիտեք, որ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը մեր երկրում 82.8 տոկոսով ավելացել է, ինչը աննախադեպ ցուցանիշ է: Բայց սա զուտ ֆինանսական ավելացում չէ, այլ գիտության ոլորտում ինստիտուցիոնալ նոր համակարգի ներդրում, որի արդյունքում գիտությունը որպես գործունեության տեսակ գրավիչ է դառնալու ոչ միայն երիտասարդների, այլեւ այլ՝ ոչ մասնագիտական աշխատանքով զբաղվող գիտնականների համար: Արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների արդյունքում գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 40-ից 165 տոկոսով:

Ժամանակի սղության պատճառով չեմ կարող խոսել 2021 թվականին կյանքի կոչված բոլոր բարեփոխումների մասին, բայց կարեւորագույնների շարքում պիտի նշեմ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների՝ ըստ էության լիարժեք անցումը համամասնական ընտրակարգի, որը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարեւորագույն գործիքներից է»,-նշել Նիկոլ Փաշինյան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.