Մեկ նմուշ անցել է պետական փորձարկում. Զինված ուժերը առաջիկայում հայկական արտադրության ժամանակակից ԱԹՍ-ներ կունենա

ՀՀ-ում մի քանի ռազմարդյունաբերական ընկերություններ որոշակի ժամանակահատված է սկսել են արտադրել արդիական սպառազինություն, որոնք մասամբ մատակարարվում են հայկական բանակին, մասամբ՝ գտնվում փորձարկումների փուլում կամ դեռ փորձնական նմուշներ են:

«Դավարո» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Գալոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ ընկերությունն ամեն ինչ անում է՝ խնդիրները լուծելու և անհրաժեշտ սարքեր արտադրելու համար: Ըստ նրա՝ սարքերը պետք է խնդիր կատարելու մեջ լինեն արդյունավետ:

«Մեր ընկերությունը գործում է 2007 թվականից: Քառօրյա պատերազմից հետո որոշում կայացրինք, որ պետք է կենտրոնանալ նման համակարգերի նախագծման ու արտադրության վրա: Երկու տարի միայն ուսուցման ու փորձարկումների ուղղությամբ էինք աշխատանքներ տանում: 2019 թվականի սկզբին պետության հետ ունեցանք գիտափորձնական պայմանագիր, և սկսեցինք աշխատանքներ տանել կոնկրետ ոլորտի շրջանակներում: Զուգահեռ նաև իրականացրել ենք 15 պրոյեկտ ռոբոտիզացված համակարգերի առումով: Ընկերությունն արդեն կայացած է, ու մասնագիտական բարձր մակարդակի թիմ ունի»,- շեշտում է Գալոյանը:

Նրանք այժմ աշխատանքներ են տանում 5-րդ սերնդի պատերազմի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումների ուղղությամբ՝ հեռակառավարվող և ռոբոտիզացված ԱԹՍ-ներ, լազերային կառավարվող, հետախուզական և հարվածային ու անօդաչու թռչող սարքերի նոր մոդելներ:
Փակագծեր չբացելով՝ ԱԹՍ-ների ոլորտում մասնագիտացված ընկերության տնօրենը նշում է՝ մեկ նմուշ կա, որն անցել է պետական փորձարկումը: Որոշակի խմբաքանակ կհանձնեն զինված ուժերին, որից հետո կսկսվեն ուսուցման գործընթացն ու զորային փորձարկումները:

«Մենք որդեգրել ենք մի տեսլական, որ ոչ թե զենքի տեսակ ենք ստեղծում, այլ նոր զորք պետք է ունենանք, որը բաղկացած է լինելու ռոբոտիզացված համակարգով, որտեղ մարդու միակ խնդիրը պետք է լինի ղեկավարել համակարգը: Մեր առաջ դրել ենք խնդիր նաև վերգետնյա հեռակառավարվող սարքեր արտադրելու համար: Հասկանալով ժամանակի թելադրանքը, որ պետք է զինված ուժերը արդիականացնել՝ ավելի շատ ԱԹՍ-ներ ենք ներգրավում ռազմական պրոցեսներում: Ունենք պայմանագրեր նաև միջազգային ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են մեր սարքերով: Հույս ունենք՝ ամեն ինչ ավելի դինամիկ կզարգանա»,- ասում է Գալոյանը:

Ընկերության ԱԹՍ-ներից յուրաքանչյուրն ունի իր տեխնիկական բնութագիրը, խնդիրը՝ շատ արագ ու կարճ ժամանակահատվածում թիրախ խոցելու համար: Գալոյանի խոսքով՝ սարքերի բոլոր նախագծերը հայկական են, տեխնոլոգիական առումով է միայն ինֆորմացիան դրսից վերցված:

«Նախատեսված են հակառակորդի օդանավակայանները, զենքի պահեստները, հիմնականում անշարժ օբյեկտները խոցելու համար: Օրինակ՝ «Արալեզ» ԱԹՍ-ն կարող է թռչել մինչև 6000 մետր բարձրությունից, թռիչքի տևողությունը 6 ժամ է: Բանակը պետք է նոր մարտավարության ու հիմնատեսակների մասով քննարկումներ անցնի»,- ասում է նա:

«Դավարո» ընկերությունը համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ գխավոր շտաբի, ԲՏԱ նախարարության, ՀՀ ռազմարդունաբերության կոմիտեի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.