Հայաստանը 116 միլիոն 400 հազար եվրո ֆինանսական օժանդակություն կստանա

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 4-ին` Բեռլինում:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Ըստ համաձայնագրի` Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով:

«Ընդհանուր գումարի չափը կազմում է 116 միլիոն 400 հազար եվրոյին համարժեք դրամ: Դրանից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի արտահերթ նիստում:

Համաձայնագրով նախատեսվում է մինչեւ 3 միլիոն եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի իրականացման համար:40 միլիոն եվրո ֆինանսական օժանդակությունը տրամադրվելու է «Վերականգնվող էներգիայի զարգացում (II փուլ) DKTI (Կլիմայի եւ տեխնոլոգիաների գերմանական նախաձեռնություն)»` Վերականգնման վարկերի բանկի կողմից զարգացման հանրային քաղաքականության շրջանակներում:

70 միլիոն եվրո ֆինանսական օժանդակությունն արտոնյալ պայմաններով նախատեսված է «Փոքր եւ միջին ձեռնարկությունների խթանում III» ծրագրերի իրականացման համար:

3 միլիոն 400 հազար եվրո կտրամադրվի վերոնշյալ երկու ծրագրերի իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար:

Համաձայնագրի շրջանակներում հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում` ըստ նախատեսված ծրագրերի:

Քննարկման ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը բարձրաձայնել է հարցադրումներ, որոնք առնչվել են վարկերի օգտագործման վերահսկողությանը, գումարների նպատակային տրամադրմանը, ԿԲ-ի կողմից վարկերի առեւտրային բանկերին տրամադրվող գումարների տոկոսադրույքներին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է որոշակի հարցեր ճշգրտելու համար կազմակերպել աշխատանքային քննարկում` Կենտրոնական դրամատան եւ շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ:

Համաձայնագիրը ստացել է դրական եզրակացություն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.