Փաշինյանը հանդիպել է ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի հետ (Տեսանյութ) | HAVASTI.info

Փաշինյանը հանդիպել է ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի հետ (Տեսանյութ)

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *