Հիմա եթե տղես ողջ լիներ, ինքն էլ էր սահմանին կանգնելու. ես էլ իմ տղու տեղը կանգնել եմ. Բերդի բնակչուհին | HAVASTI.info

Հիմա եթե տղես ողջ լիներ, ինքն էլ էր սահմանին կանգնելու. ես էլ իմ տղու տեղը կանգնել եմ. Բերդի բնակչուհին

Չէինք սպասում, որ Բերդ քաղաքին կխփեն, որովհետեւ վերջին անգամ Բերդին խփել են 1990-ականներին, բնականաբար, սրանով վտանգը դրանով մեծանում է:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Անուշ Ջարահյանը:

«Երեխաներին քաղաքից հանել ենք, որ էդ ձայները չլսեն, չվախենան, ես ու ամուսինս այստեղ ենք, սովոր ենք մենք»,-ասաց նա:

Անուշ Ջարահյանը պատմեց, որ խանութը, որը հիմա աշխատեցնում են, զոհված որդու՝ Վահրամ Ավագյանին է եղել, անունն էլ հիմա դրել են «Վահրամ խանութ»:

«Բոլոր եկած զինվորականներին, ջուր, ծխախոտ, ես ապահովել եմ: Էդ հարվածներից հետո էլ խանութը չեմ փակել: Գալիս են, ասում են՝ մորքուր ջան, մենք քո տղերքն ենք: Ես էլ որպես զինվոր նրանց ճանապարհել եմ որպես իմ տղա, որպես Վահրամ»,-ասաց նա, հավելելով, որ որդին զոհվել է 2004-ին:

«Էս խանութը որդիս է դրել, որ աշխատենք, շատ ծրագրեր ուներ, ու հիմա ես որպես Վահրամ աշխատում եմ ու երբեք էստեղից չեմ գնալու: Նույնիսկ երեկ չեմ մտածել նկուղ իջնելու մասին: Հիմա եթե տղես ողջ լիներ, ինքն էլ էր սահմանին կանգնելու:

Ես էլ իմ տղու տեղը կանգնել եմ»,-ասաց տիկին Անուշը եւ ցույց տվեց որդու դեռ 4-րդ դասարանում սարքած խաչը:

Նա պատմեց, որ որդին զորավարժության ժամանակ Վայքի շրջանում վթար է ենթարկվել, 11 օր ապրելուց հետո մահացել է:

«Ամեն մի զոհ ինձ համար որդու կարուստ է»,-աչքերը սրբելով ասաց կինը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *