Ամեն տարիք ունի իրեն համապատասխան խաղալիքը | HAVASTI.info

Ամեն տարիք ունի իրեն համապատասխան խաղալիքը

Երեխայի զարգացումը, սոցիալականացումը և, առհասարակ, տարիքային գործունեությունն անհնար է պատկերացնել առանց խաղալիքների: Հենց այդ անշունչ առարկաներն են հնարավորություն տալիս երեխային արտահայտել հույզերը, ճանաչել շրջակա միջավայրը` աշխարհը, սովորեցնում են կառուցել փոխհարաբերություններ և նպաստում ինքնաբացահայտմանը խաղի ընթացքում: Սիրելի խաղալիքները կարող են տարբեր լինել, նույնիսկ՝ սեփական ձեռքերով պատրաստված: Պարտադիր պայման չէ, որ այն լինի մեծ, թանկարժեք, բազմաֆունկցիոնալ: Այն կարող է լինել փոքրիկ, սակայն ճիշտ ընտրված, որն ավելի զարգացնող բնույթ կունենա, քան աչք շոյող, բայց ոչինչ չանող խաղալիքը:

Երեխաներն ապրում են իրենց իրականության մեջ: Այն կտրուկ տարբերվում է մեծահասակի իրականությունից՝ պահանջմունքների, օգտագործվող իրերի, փոխհարաբերությունների բնույթի տեսանկյունից: Երեխայի պահանջմունքներն ուղղված են աշխարհը ճանաչելուն, իրերը մեծահասակների կողմից օգտագործվող իրերի կրկնօրինակներն են, խաղալիքի տեսքով, որոնցով երեխան սոցիալականացվում և պատրաստվում է հասունանալուն, իսկ փոխհարաբերություններն իրականանում են տիկնիկների, հասակակիցների և, նույնիսկ, գոյություն չունեցող կերպարների միջև: Սակայն կա բավականին ակնառու սխալ, որն իրականացնում են ծնողները՝ երեխայի համար խաղալիք ընտրելիս:

Ծնողներին թվում է, որ գնելով մեծաքանակ թվով խաղալիքներ և զետեղելով դրանք փոքրիկի սենյակում՝ իրենք կատարում են իրենց ծնողական պարտքը՝ ապահովելով երեխայի երջանիկ մանկությունը:

Պետք է նշել, որ քանակով շատ, սակայն ոչ ֆունկցիոնալ խաղալիքները կամ մարդկային կառուցվածքն աղավաղող տիկնիկները կարող են երեխայի հոգեկան զարգացումն ավելի շատ ապակառուցողական հետևանքների հանգեցնել, քան նպաստել բնականոն զարգացմանը: Քանակի շատ լինելն ազդում է ուշադրության ցրվածության վրա:

Երեխան չի կողմնորոշվում՝ որ խաղալիքով խաղալ, և սկսում է շուտ ձանձրանալ՝ մեկից անցնելով մյուսին: Ոչ ֆունկցիոնալ խաղալիքները սահմանափակում են աշխարհճանաչումը, և երեխայի երևակայությունն ու հետաքրքրությունը մնում են շատ սահմանափակ ընտրողականության առաջ՝ առանց բացահայտելու նորը:

Աղավաղված տիկնիկները, որոնք չեն համապատասխանում իրական մարդու մարմնի ֆիզիոլոգիական կառուցվածքին, կարող են անձնային, ինքնաճանաչման խանգարումների հանգեցնել, ինչպես նաև՝ դեռահասության տարիքում սեփական արտաքինի մերժման և անինքնավստահության:Որպեսզի խուսափենք նմանատիպ արհեստածին հոգեբանական խնդիրներից, այս հոդվածի միջոցով կփորձեմ ծնողներին իրազեկել, թե երեխայի որ տարիքին ինչ տեսակ խաղալիքի ընտրությունն է համապատասխանում:

Խաղալիք ամենափոքրիկների համար (մինչև մեկ տարեկան): Այս տարիքում երեխան աշխարհը ճանաչում է զգայունակության և շոշափման միջոցով: Լավ կլինի խաղալիքներն ունենան մեղմ հնչեղություն, վառ գույներ, լինեն փափուկ, որպեսզի երեխան կարողանա կծել, շոշափելու համար ունենան տարբեր մակերեսներ, չափսերով և ձևով լինեն փոքրիկ և հարմար բռնելու համար:

Մեկ տարեկան: Նախընտրելի են գունավոր պլաստմասսե բուրգերը, գունավոր խորանարդները և տարբեր չափսերի բաժակներ, որոնք դասավորվում են իրար մեջ: Նման խաղերով երեխան ոչ միայն կզարգացնի իր մտածողությունն ու ինտելեկտը, այլև հաճույք կստանա խաղային գործընթացից:

Երկու տարեկան: Նախընտրելի են մեծ գունավոր գնդակները, բուրգերը, փափուկ խաղալիքները, որոնք այս տարիքում երեխաներն այլևս չեն տանում բերանը և հաճույքով գրկում ու քնում են: Երկու տարեկան հասակում երեխաների մոտ ինքնուրույնության դրսևորումներ են նկատվում՝ կապված զարգացող ԵՍ-ի հետ: Պետք է այդ պահը որսալ և երեխաների մեջ «սեփական խաղի տարածք» և «սեփական խաղալիքների անկյուն» հասկացողությունը սերմանել: Դրա համար երեխան պետք է ունենա հստակ տարածք, որտեղ նա կխաղա, և մեծ արկղիկ, որում կպահի իր խաղալիքները խաղալուց հետո:

Երեք տարեկան: Տարիքին համապատասխան խաղալիքների տեսակներն ու չափսերն ավելի բազմազան են դառնում: Քանի որ այս տարիքում երեխան աստիճանաբար ընդգրկվում է իրական կյանքի իրավիճակների մեջ, նա հաճախ իր խաղի մեջ է ներառում տարբեր դրվագներ, որոնք կապված են ընտանիքում կատարվող իրադարձությունների հետ: Հստակ գույներով, ձայներով և ձևերով խաղալիքներին գալիս են փոխարինելու երևակայությունը զարգացնող կոնստրուկտորները, որոնցից կարելի է բազմաթիվ կերպարներ կերտել մեծահասակի օգնությամբ: Խրախուսվում է գնել մասնագիտական հավաքածուներ՝ խոհարարի, բժշկի, շինարարի, խոհանոցային, նկարչական պարագաներ: Երեխաներն արդեն պետք է սկսեն իրազեկվել իրական կյանքում գործունեություն ծավալող մարդկանց մասին:

Չորս-հինգ տարեկան: Այս տարիքում ակտիվ զարգանում են իմացական գործընթացները՝ մտածողություն, երևակայություն, հիշողություն և ուշադրություն: Ընտրեք դերային խաղերի համար կենդանիների կամ տիկնիկների հավաքածու, որտեղ երեխան կկարողանա խաղարկել ընտանեկան իրավիճակներ: Մեծ խաղալիքներն աստիճանաբար նրանց հետաքրքրությունների սահմաններից դուրս են մղվում: Առավել ցանկալի է դառնում ծնողի հետ միասին թղթից կամ մեկ այլ նյութից ձեռքի աշխատանքներ անելը:

Վեց տարեկան: Այս տարիքում երեխաներն առավել հակված են ինքնուրույն ստեղծել ինչ-որ իրեր: Դրա համար առավել նպատակահարմար է գնել փազլներ, կոնստրուկտորներ, կարելու, գործելու պարագաներ: Երեխան ինքն է իր գործունեության և հետաքրքրության սահմանները փոխում՝ ենթագիտակցաբար պատրաստվելով դպրոցին:

Դպրոցական: Այս փուլում երեխաները սկսում են խաղալ առանց խաղալիքների: Նրանց խաղերը կապված են լինում մարդ-մարդ փոխհարաբերություններին: Բակային խաղեր, ինտելեկտուալ հարց-խաղեր, և այլն:

Կարևորն այն չէ, որ երեխան ունենա շատ խաղալիքներ, կարևորն այն է, որ երեխան, ունենալով նույնիսկ մեկ, բայց ճիշտ խաղալիք, գրանցի զարգացում և մեկ քայլ առաջ գնա դրա շնորհիվ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *