«Տեղի է ունենում կանխամտածված սադրանք». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է. «Ամուլսարի շուրջ վերջին 20 օրը կատարվող գործընթացները ցույց տվեցին, որ դեռ մայիսի վերջին մեր արած նախազգուշական հայտարարությունը լիովին հիմնավորված էր։ Մենք մասնավորապես գրել էինք, որ լուրեր են շրջանառվում ինչ-որ գործողություններ նախապատրաստելու մասին, որի հիմնական տակտիկան է լինելու բռնի գործողություններ հրահրել՝ դրանցում ներքաշելով Ամուլսարի պահապաններին, դրանով հիմնավորել ոստիկանական միջամտությունը:
     Ամուլսարի տխրահռչակ ծրագրի նոր տերերը փորձում են ուրիշների ձեռքերով կրակից շագանակներ հանել ու մեր տեղեկություններով՝ ինչ-ինչ ընկերությունների հետ պայմանագրեր են կնքել որոշակի աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Դրանք էլ ամեն կերպ ցանկանում են մուտք գործել տարածք ու գործ անել՝ հանուն սպասվող գումարի։ Նոր պահնորդական կազմակերպությունն էլ իր հերթին էր անընդհատ սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին ու ջերմուկցի Ամուլսարի պահապաններին ամեն կերպ փորձում հունից հանել։
     Ակնհայտ է, որ տեղի է ունենում կանխամտածված սադրանք, ներհամայնքային ու միջհամայնքային արհեստական լարման ձևավորում, որը կառավարվում է մի կենտրոնից։
     Բոլոր հետևանքների պատասխանատուներն այս դեպքում արդեն քսան օրից ավել նախահարձակ լինողներն են, սադրանք ու վեճեր հրարհողներն ու դրանք ուղղորդողներն են։ Ամուլսարի պայքարը ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ուղիղ գործողություն է: Այս մասին գրվել է նաև Հավաքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցում, ով շեշտել է, որ այս պայքարը սադրանք, պրովոկացիա կամ այլ բիզնեսների շահերի պաշտպանություն չէ, այլ՝ մաքուր բնական միջավայրում ապրելու մարդկանց հիմնարար իրավունքի պաշտպանության համար մղվող խաղաղ հավաք:

Վերջին շաբաթների ընթացքում Ամուլսարի պահապանների և այլ քաղաքացիների ուղիղ եթերների շնորհիվ հանրությունը կարողացավ տեղեկանալ ու ականատես լինել այս սադրանքների մի մասին: Կարծում ենք, որ սադրանքների ծուղակում չհայտնվելու համար լավագույն ինքնապաշտպանությունը հենց այդ ստոր մեթոդները մերկացնելն ու հանրայնացնելն է, ինչպես արվել է ողջ պայքարի ընթացքում»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*