
Պորտուգալական ձևով պատրաստված կարտոֆիլն այնքան համեղ է, որ մեկ բաժնով հաստատ չեն բավարարվի: Այն Պորտուգալիայի ռեստորաններում մատուցում են մսի, կամ ծովամթերքի հետ, բայց անկեղծ ասած, այնքան համեղ է, որ որպես առանձին խորտիկ վստահ կարող եք մատուցել:

Անհրաժեշտ է.
- 8 հատ կարտոֆիլ
- 4 պճեղ սխտոր
- կարագ
- ծիթրոն
- զեյթունի ձեթ
- ծովի խոշոր աղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը լավ լվանալ, խաշել կճեպով:
- Թողնել լավ սառչի, եթե ժամանակը սուղ չէ:
- Սխտորը մաքրել ու շատ բարակ շերտիկներով կտրատել:
- Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան.
- Ջեռոցի տապակի մեջ լցնել մի փոքր զեյթունի կամ արևածաղկի ձեթ, վրան լցնել սխտորի շերտիկները:
- Կարտոֆիլը շարել վրան ու մի փոքր ձեռքով սեղմել այնպես, որ կեղևը ճաքի, բայց կարտոֆիլն իր տեսքը չկորցնի:
- Վրան ցանել աղը և ծիթրոնը(եթե այն թարմ է, ապա առանձնացրեք միայն տերևները): Յուրաքանչյուր կարտոֆիլի վրա դրեք մի կոտր կարագ: Որոշ տնտեսուհիներ գերադասում են մեկական թեյի գդալ զեյթունի ձեթ:
- Տապակը դրեք ջեռոցը 15-20 րոպե, մինչև արտաքին շերտը լավ կարմրի:

Պորտուգալական ձևով կարտոֆիլը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Оставить комментарий