Պաղպաղակների մեծ մասը պարունակում է տրանսճարպաթթուներ. դրանք կարող են անպտղության, ճարպակալումների պատճառ դառնալ | HAVASTI.info

Պաղպաղակների մեծ մասը պարունակում է տրանսճարպաթթուներ. դրանք կարող են անպտղության, ճարպակալումների պատճառ դառնալ

Երեւանցիներն ամռանը օրական սպառում են միջինում 99,7 գրամ պաղպաղակ, բայց սիրելի պաղպաղակի օգտագործումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, երբ այն պատրաստված է ոչ թե սերուցքից, այլ բուսայուղերից, որոնց մեջ կան տրանսճարպաթթուներ (արհեստական եղանակով առաջացող ճարպաթթու)։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ այստեղ շաբաթական բավականին հաճախ է սպառվում պաղպաղակը։ Ստացվում է՝ օգտագործում են ամեն օր փոքր չափի կամ օրը մեջ՝ ավելի մեծ քանակի։

Ընդհանրապես պաղպաղակի սպառումը մեր երկրում բարձր տոկոսներ ունի մայիսի կեսերից կամ հունիսի սկզբից մինչեւ հոկտեմբեր, մնացած ամիսներին այն ավելի ցածր է։ Տարեկան կտրվածքով միջինում սպառումն օրական կազմում է 16,6 գրամ։

Տվյալները ստացվել են կենտրոնի իրականացրած հետազոտության արդյունքում: Ուսումնասիրվել են մայրաքաղաքում սպառվող սննդամթերքի մեջ տրանսճարպաթթուների պարունակությունը, սպառման առանձնահատկություններն, նաեւ իրականացվել է ռիսկի գնահատում։ Առայժմ ավարտվել է հետազոտության առաջին փուլը, եւ պատրաստ են պաղպաղակի մասին արդյունքները։

Սննդագետի խոսքով՝ այսօր շուկայում պահանջված է ոչ թե սերուցքային, այլ կաթնայուղի փոխարինիչով պատրաստվածը, սա, իհարկե, կապված է նաեւ գնի հետ, քանի որ սերուցքայինն ավելի թանկ է։ Ի դեպ, հարցմանը մասնակցել է Երեւանում բնակվող 18-65 տարեկան 1272 քաղաքացի։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այսօր խանութներում շատ դժվար է գտնել սերուցքով պաղպաղակ։ Մեծամասնությունը պատրաստված է բուսայուղով։

Իրականացված փորձաքննությունից արդեն պարզ է դարձել, որ այն մթերքները, որոնք կաթնայուղի փոխարինիչով կամ բուսայուղով են պատրաստված, պարունակում են տրանսճարփաթթուներ։

Նշենք, որ ուսումնասիրվել է շուկայում առկա արտադրատեսակների մեծ մասը (Պիպոյանը չի նշում արտադրողների անուններ՝ գովազդ կամ հակագովազդ չանելու համար)։

«Ավելի լավ է՝ շաբաթական 2 անգամ օգտագործեք սերուցքով պատրաստվող լավ պաղպաղակ, քան 7 օր կաթնայուղի փոխարինիչով եւ արհեստական ճարպերով արտադրանք»,- նշեց նա՝ խորհուրդ տալով թեկուզ դա պատրաստել տանը։

Պիպոյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ տրանսճարպաթթուների քանակը վերոնշյալ մթերքներում չի գերազանցում թույլատրելիի շեմը, սակայն պետք է հաշվի առնել, որ տրանսճարպաթթուներ կան ոչ միայն պաղպաղակի, այլեւ տարատեսակ քաղցրավենիքների, կարկանդակների մեջ, որոնք կազմում են մարդկանց սննդակարգի մի մասը։ Տրանսճարպաթթուների մեծ քանակությունը կարող է վնաս հասցնել առողջությանը։ Պիպոյանի խոսքով՝ դրանք մեծացնում են սիրտանոթային համակարգի հիվանդությունների, անպտղության, ճարպակալումների, ալերգիաների առաջացման ռիսկը։ Նաեւ իրականցվում են ուսումնասիրություններ՝ պարզելու հավանականությունը քաղցկեղի որոշակի տեսակներ առաջացնելու հետ կապված։

Ընդհանուր պատկերը, թե որքան տրանսճարպաթթուներ են պարունակում առանձին մթերքներ, պարզ կդառնա ավելի ուշ։

Նշենք, որ 2018 թվականից Եվրասիական տնտեսական միության (Հայաստանն անդամ է) ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգում մտցվեց պահանջ, որ պետք է ճարպայուղային արտադրանքում տրանսճարպաթթուները լինեն 2%,սակայն տեխնիկական կանոնակարգն ընդունեց ճարպայուղային արտադրանքի մասով միայն, ոչ թե վերոնշյալ մթերքներում, այսինքն՝ եթե սուպերմարկետից գնենք մարգարին, դրանց քանակը կլինի մակնշված, սակայն ճարպերի յուղերի օգտագործմամբ պատրաստվող քաղցրավենիքներում, թխվածքներում չկա մակնշման այս պահանջը, գնորդը կարող է չիմանալ՝ որ պարունակության մեջ կան դրանք։

Սննդագետի խոսքով՝ խնդիրը պետք է դառնա նաեւ առողջապահական մարմինների քաղաքականության մաս։ Ցանկալի կլիներ, որ վերջնական արտադրանքում լիներ մակնշման պահանջ կամ գոնե տեղեկատվություն՝ պարունակում է, թե ոչ։  Սպառողներն ավելի զգոն պիտի լինեն, գնելիս նայեն՝ արդյոք մթերքը պատրաստված է կաթնայուղի փոխարինիչով։ Մինչդեռ իր ֆեյսբուքյան էջում արված գրառումներից հասկանում է, որ շատերը ոչ միայն չեն նայում մակնշումներին, այլեւ չգիտեն՝ կաթնայուղի փոխարինիչն ինչ է։

Պիպոյանը հիշեցրեց, որ ամբողջ աշխարհում տարիներ շարունակ զբաղվում են տրանսճարպաթթուների վերահսկողությամբ, ինչպես արտադրական պայմաններում, այնպես էլ խոհարարական (փողոցում վաճառվող) եւ դրանց կրճատման գործողությունների փաթեթ են ընդունել։

Առաջին երկիրը, որ մտցրեց փոփոխություններ, Դանիան էր. 2 գրամ ճարպաթթու 100 գրամ ճարպայուղային արտադրանքի մեջ, այնուհետեւ Կանադան եւ շատ այլ երկրներ կատարեցին փոփոխություններ։ Շուտով նաեւ Եվրոպական Միությունը, բացի քանակական սահմանափակումներից, դրեց մակնշման պահանջ, իրականացրեց իրազեկման աշխատանքներ, որպեսզի սպառողները կարդան եւ տարբերակեն։

Վերադառնալով պաղպաղակների թեմային ու այս ամիսներին դրա սպառմանը՝ սննադագետն այսպես ավարտեց խոսքը՝ լավ կլինի՝ քիչ, սակայն լավն ու որակովն ուտել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *