«Ո՞վ է խոսում Մարգարիտա Սիմոնյանի շուրթերով». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ո՞վ է խոսում Մարգարիտա Սիմոնյանի շուրթերով 
     Երկու օր է՝ սոցցանցերի հայկական սեգմենտը բուռն արձագանքում է RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի` Հայաստանի ղեկավարության հասցեին հնչեցված կոշտ գնահատականներին և մեղադրանքներին:
     Զավեշտն այն է, որ նիկոլապաշտ և հայրենասիրական անհիմն պաթոսով լցված որոշ գործիչներ, ինչպես նաև բավական մեծ քանակությամբ օգտատերեր, բացարձակ չխորանալով, թե ով է Մարգարիտա Սիմոնյանը ներկայիս ռուսաստանյան քաղաքական և լրատվական իսթեբլիշմենթում, սկսեցին ընդամենը նրան վիրավորել, առաջարկում են փոխել ազգանունը և այլ անիմաստ ու մանկամիտ բաներ անել: Իշխանամետները և նրանց սազանդարները լավ կլինի գիտակցեն և հասկանան, ինչպես դա շատ լավ գիտակցել և հասկանում է նրանց կուռքը՝ Նիկոլը, որը ծպտուն չի հանում, որ ռուսաստանյան լրատվական դաշտում Մարգարիտայի նման տրամաչափի գործիչը չէր կարող Նիկոլի իշխանության վերաբերյալ այդպիսի խիստ քննադատական գրառում անել, եթե չլիներ Կրեմլի հավանությունը: Եթե որևէ մեկը մտածում է, որ ՌԴ-ի նման երկրում Կրեմլի քարոզչամեքենայի ամենակարևոր մաս կազմող RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը կարող է ինքնագործունեությամբ զբաղվել և ՌԴ-ի համար ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի ղեկավարության հասցեին քննադատություններ հնչեցնել, ապա տարրական ապուշ է: 
     Մարգարիտային վիրավորողները պետք է լավ հասկանան, որ իրենց խնդիրը ոչ թե նա է, այլ Վլադիմիր Պուտինը, ով մեր հայրենակցուհի Մարգարիտայի շուրթերով հասկացնում է իրեն շատ ճարպիկ երևակայող Նիկոլին, որ վերջինս «եկել է սատանի մայլեն ու քյանդրբազ է խաղում»… 
     Ընդամենը ամիսներ առաջ նույն Կրեմլը ևս մեկ էթնիկ հայի՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի շուրթերով հայ հասարակությանը հասկացնել էր տալիս, որ նույն Նիկոլը բավական ոչ հայանպաստ բանակցություններ է վարում իր համար կիրթ Ալիևի հետ: Այն ժամանակ ևս մեր նիկոլապաշտները և քաղաքականությունից բացարձակ չհասկացողները «միացրեցին» իրենց լուտանքաանեծքային ձայնապնակը Լավրովի հասցեին, իսկ «շուստրի» Նիկոլը փորձեց ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջորջ Քենթի հարցազրույցում արտահայտած մտքերն այլասերելով և կեղծելով հերքել Լավրովին: Ողբերգությունն այն է, որ մեր հասարակության մի մեծ մասը, այդ թվում նաև իրենց գրագետ համարողները, տուրք տալով Նիկոլի կողմից վերահսկվող և ուղղորդվող սոցցանցային ամբոխի թելադրած կանոններին, կուլ են տալիս իշխանությունների դեմագոգիկ և կեղծ օրակարգային թեմաները:
     Հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները կարող են ճակատագրական լինել մեզ համար: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կրկնվում են 1918-21 թթ-ների իրադարձությունները, երբ մեր այն ժամանակվա հպարտ և հզոր իշխանավորների գործունեության արդյունքում Հայաստանը ստորագրեց ստորացուցիչ Բաթումի և Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, իսկ հետո էլ եկավ մի «բարի փերի», որը Կարսի և Մոսկվայի պայմանագրերի շնորհիվ «մեծացրեց» Հայաստանի տարածքը, իսկ այդ ընթացքում մյուս «բարի փերիները», Անկարայի հետ սիրախաղի մեջ մտնելով, դրժեցին Սևրի պայմանագրի հայկական կետերը, ինչպես նաև Կիլիկիան նվիրեցին թուրքերին… 
     Հ.Գ. Բազմաթիվ իշխանամետ օգտատերեր առաջարկում են ՀՀ ԱԳՆ-ին Սիմոնյանին պերսոնա նոն գրատա հայտարարել Հայաստանում: Հետաքրքիր է, Նիկոլն այդքան ԴՈՒԽՈՎ կգտնվի՞…»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*