«Նրա մասին, ինչ շատերը վախենում են խոսել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրա մասին, ինչ շատերը վախենում են խոսել…

Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե այս պահին չի կարելի քննադատել իշխանությանը, ըստ էության, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին:

Հայաստանի այս ղեկավարը նույնպես իր նախորդների պես դիվանագիտական պարտության գիծ է բռնել: Չառաջանալու, երկրի աշխարհագրական տարածքը չմեծացնելու, մաքսիմալ հնարավոր նոր դիրքեր չազատագրելու, վախվորածության, անթույլատրելի զիջումների ու էլի թշնամուն զինադադար նվիրելու քաղաքականություն է վարվում:

Մենք Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին այդ նույն բաներն անելու համար մեղադրում ենք պետական դավաճանության մեջ:

Այս մեկն ուղղակի կրկնում է նրանց ճամփան` մի փոքր թյունինգ անելով այն և մի քանի դիրք ազատագրելը ներկայացնելով որպես խոշոր, աննախադեպ նվաճում: Դա ավելի վտանգավոր է, որովհետև հիմա նույն գիծը դրանով վարվում է` ժողովրդին խաբելով իբրև թե հակառակն է:

Բայց փաստ է, որ տարածքների իսկական, հնարավորի առավելագույն չափով և համակարգային բարելավում չեղավ: Թշնամու դիակները հանձնվեցին թշնամուն` նրա ձեռքում թողնելով նաև մեր չորս գերիներին և հիմա` իշխանությունը գնում է զինադադարի, որ Ադրբեջանին նոր շանս է տալու՝ վերակազմակերպվելու և սրանից էլ նոր դասեր քաղելով` ավելի լավ պատրաստվելու հաջորդ հարձակմանը:

Ես չգիտեմ, թե այս ամենն ով ինչպես է կոչում: Անձամբ ինձ համար սա վերջին երեսուն տարիների դավաճանական գծի և քաղաքականության շարունակությունն է և ոչինչ ավելի:

Եվ սա ավելի վատ է, իհարկե, որովհետև եթե նախկինում դա բացահայտ էր արվում, ապա այժմ` ծածուկ ու արվողի ճիշտ հակառակը ներկայացնելով, արած մի քանի փոքրիկ կարևոր ձեռքբերումները շեփորահարելով ու խնկարկելով ու հասարակությանը հիմարացնելով:

Եվ դրան նպաստում են այն դավադիրների կամ իրականությունը չհասկացողների ճնշումը՝ թե իբրև թե հիմա չի կարելի քննադատել, կամ էլ թե իբրև թե իշխանությունն անում է մարտի դաշտում այն ամենը, ինչ կարող է և կարելի է:

Տգիտության, խաբկանքի կամ հանրային կույր ճնշման մամլիչը լռեցրել է բազում մարդկանց, որոնք հասկանում են սա, բայց վախենում են զանգվածային ցասման թիրախ դառնալ:

Ես չեմ վախենում: Ես խոսում եմ և խոսելու եմ: Եվ առկա իրավիճակը, նախորդ օրերի ռազմական հրաշալի գործողություններից հետո քաղաքական, դիվանագիտական ու դրա արդյունքում նաև ռազմի դաշտում իրականում վատ դեժավյուի է վերածվում:

Մենք էլի պատմական շանս ենք կորցնում ու մեզ դատապարտում նորանոր ռիսկերի, զոհերի և պատերազմական վտանգավոր գործողությունների: Եվ մեր լռության, տգիտության ու թողտվության համար մենք էլի բարձր գին ենք վճարելու»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*