Ճարմանդ. ցուցամոլությա՞ն, թե՞ բարձրաճաշակության նշան

Այսօր ճարմանդներն առանձնապես չեն համարվում տղամարդկանց հագուստի ամենատարածված տարր: Այնուամենայնիվ, կան դեռևս ավանդական ոճի կողմնակիցներ, որոնք նման զարդարանքի առկայությամբ ցույց են տալիս իրենց կարգավիճակը: Ճարմանդներն արդեն մեծ պահանջարկ չունեն գնորդների շրջանում, քանի որ դրանք փոխարինվել են կոճակներով, որոնք ավելի հարմար և գործնական են: Բայց ինչ-որ ժամանակ այդպես չի եղել:

 Ճարմանդների պատմությունը լի է վերելքներով և անկումներով: Հագուստի այդ տարրի առաջին տեսակները հայտնվել են 17-րդ դարում, երբ վերնաշապիկների լայն ժանյակային թևերը փոխարինվել են ավելի նեղերով: Այդ օրերին ժանյակային թևերն ամրացվում էին մետաքսե ժապավեններով կամ շղթաներով, որոնց վրա կցվում էին թանկարժեք մետաղներից՝ հիմնականում արծաթից կամ ոսկուց պատրաստված ճարմանդներ: Նման տեսակի զարդեր կարելի է գտնել անգամ այսօր: 

Բացի իրենց ֆունկցիոնալ նշանակությունից, ճարմանդները նաև զարդեր են եղել: Դրանք փորագրվել են, պատվել էմալով և զարդարվել թանկարժեք քարերով: Նման ճարմանդների մասին հիշատակվում է 1684 թվականին Լոնդոնում լույս տեսնող Gazette թերթում: 

Արդյունաբերական հեղափոխության ժամանակ ճարմանդները կորցրել են նման բացառիկ ոճը, քանի որ պողպատ սկսել են արտադրել մեծ քանակությամբ, և թանկարժեք մետաղների փոխարեն սկսել են օգտագործել երկաթ: 

Ճարմանդներ մասսայաբար սկսել են օգտագործվել ֆրանսիական ոճի նորաձև վերնաշապիկների հայտնվելուց ի վեր: Այդ պահից դրանք դարձել են գործարար մարդկանց հագուստի ամենօրյա անբաժանելի տարր: Այդ ժամանակվա ամենահայտնի ճարմանդները եղել են սիրելիի լուսանկարով կամ ապակու տակ մազերի փնջով: 

Ցավալի է, որ ներկայումս նման ռոմանտիկ երևույթները մեզ անծանոթ են: 19-րդ դարի վերջին ճարմանդների զարգացման պատմության մեջ մեծ փոփոխություն է եղել: 

1882 թվականին ստեղծվել է սարք, որի օգնությամբ ճարմանդներ են պատրաստվել շատ էժան և հեշտ եղանակով: Նման կերպ ճարմանդները հասանելի են դարձել սովորական մարդկանց համար: 

Ընդ որում, դրանք պատրաստվել են կրակված փամփուշտի պարկուճներից: Չնայած դրանք զարդեր չեն եղել, բայց փոխարենը լավ են կատարել իրենց գործնական նշանակությունը: 20-րդ դարի սկզբին զարգացել է էմալային գեղանկարչությամբ ճարմանդների նորաձևությունը: Կա վարկած, որ այն տարածել են Ֆաբերժեի գործարանի աշխատողները, որոնք Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արտագաղթել են Ռուսաստանից: 

Քսաներորդ դարի 30-ական թվականներից սկսել են պատրաստել պլաստմասե ճարմանդներ: Նույն ժամանակահատվածում էլ ստեղծվել են աշխարհի ամենաթանկ ճարմանդները: Դրանք դարձել են նվեր երիտասարդ ամերիկացի Ուոլիս Սիմփսոնի կողմից թագավոր Էդվարդ 8-րդին: Դա տեղի է ունեցել 1935 թվականին: 

Ոսկերիչ Կարտիեի ստեղծած ճարմանդները պլատինից են, պատված ադամանդներով և Էդվարդ 8-րդի սիրեցյալ ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի անվան E և W տառերի փորագրությամբ: Իսկ 1 տարի անց Էդվարդ թագավորը առաջարկ է արել Ուոլիս Սիմսոնին և կրել այդ ճարմանդները ամբողջ կյանքի ընթացքում: 

1987 թվականին դրանք աճուրդում վաճառվել են 400000 դոլարով: Ներկայումս ճարմանդները չեն հանդիսանում հագուստի ամենօրյա տարր, դրանք ավելի շուտ ոճային հագուստի նշան են:

 Այնուամենայնիվ, կան այդ տարրի տարբեր տեսակներ, դիզայներները առաջարկում են ինչպես դասական, այնպես էլ յուրօրինակ և անսովոր ճարմանդներ այն մարդկանց համար, որոնք նման կերպ ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց նկատմամբ: 

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*