«Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, մյուսը՝ կոնտակտավոր. ինչո՞ւմն է հրատապությունը»․ Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով օրակարգում ներառված նախագծերի քննարկմանը, դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին․ «Էդքան հասկանալի չէ այս նախագծերի հրատապությունը: Ձեր խմբակցության մի մասը, գիտենք, որ կորոնավիրուսի վարակակիր է, մյուս մասը՝ կոնտակտավոր, և 14 օր էդպես էլ չեն մեկուսացել կամ ինքնամեկուսացել՝ ըստ պարետի որոշման: Հիմա հավաքվել ենք էստեղ՝ քննարկելու նախագծեր, որոնք հրատապ չեն և դրանց 90 տոկոսը կարելի էր հանգիստ քննարկել սեպտեմբերին՝ վստահ լինելով, որ չունենք վարակակիր և չենք վտանգի մեզ»:

Պատասխանելով Գորգիսյանին՝ Ս. Սիսակյանն ասաց, որ որոշ նախագծեր հրատապ են. «Ազգային ժողովը դեռ արձակուրդում չէ, և չեմ տեսնում որևէ խնդիր: Եթե Դուք տեղեկություն ունեք, որ այստեղ որևէ մեկը նստած է և պարետի որոշմամբ պետք է ինքնամեկուսանար, չի ինքնամեկուսացել, կխնդրեմ բարձրաձայնել այդ մասին, միգուցե ԱԺ նախագահն այլ քայլեր ձեռնարկի»:

Գ. Գորգիսյանը նշեց, որ դահլիճում կան պատգամավորներ, որոնց մասին հայտարարվել էր, որ կորոնավիրուսով հիվանդացել են. «Նրանց 14 օրը դեռ չի լրացել, գումարած՝ կոնտակտավորները, որոնք շփվել են այդ մարդու հետ, պետք է 14 օր ինքնամեկուսանային, և կարծում եմ՝ Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է աներ, որ չի արել: Դուք հիմա ասում եք կան հրատապ նախագծեր, միգուցե այս օրակարգում ներառվեին միայն այդ հրատապ նախագծե՞րը»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը միջամտելով պատգամավորների երկխոսությանը նշեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն մեկուսանալու՝ մեկուսացած են, որոնք ցուցում ունեն ինքնամեկուսանալու՝ ինքնամեկուսացած են և այն պատգամավորները, ովքեր նախկինում կորոնավիրուսով հիվանդ են եղել, բացասական թեստի արդյունքներով ներկայացել են:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*