Հրանոթային զարկի տակ գտնվող դատարաններում ոչ ոք չի ուզում աշխատել, անգամ իմ տղան չի ուզում դատավոր դառնալ․ ԲԴԽ նախագահ | HAVASTI.info

Հրանոթային զարկի տակ գտնվող դատարաններում ոչ ոք չի ուզում աշխատել, անգամ իմ տղան չի ուզում դատավոր դառնալ․ ԲԴԽ նախագահ

Ես չեմ կարող գնահատական տալ, ասել՝ լավն է, թե վատն է այն դատական բարեփոխումների ծրագիրը և հայեցակարգը, որ ներկայացրել է կառավարությունը, ապա ընդունվել է ԱԺ-ի կողմից, ունենք այն՝ ինչ ունենք։ Մեր բազմաթիվ առաջարկներ ընդունվել են, բայց ավելի մեծ առաջարկների զանգված չի ընդունվել կառավարության կողմից, ԱԺ էլ ներկայացվել է առանց հաշվի առնելու մեր առաջարկները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Կարելի էր ավելի լավը անել՝ կարելի էր, կարելի էր ավելի պարզ բարեփոխումների համակարգ ունենալ՝ կարելի էր, դրա համար պետք էր քաղաքական կամք և համապատասխան ֆինանսավորում, բայց ընտրվեց այս տարբերակը, որը շատ ավելի լավն է, քան այն հախուռն ցանկությունները, որ որոշ քաղաքական գործիչներ հայտնում են մամուլում, թե եկեք բոլորի վիզը կտրենք, բոլորը սրիկա են, բոլորին վեթինգի ենթարկենք, բոլորին հանենք դուրս շպրտենք, և նորը հավաքենք։ Հարգելիներս չենք կարողանալու նոր դատական համակարգ հավաքել, ուղղակի կադրեի պակասի պատճառով, ոչ ոք չի ուզում աշխատել դատավոր»,-ասաց Վարդազարյանը՝ հավելելով, մրցույթ են հայտարաել 13 քրեական դատավորի տեղի համար, տեղերը համալրելու համար դիմել են հանձնաժողովին 3 անձ, քննություն անցել և սովորում է 1 անձ։ «Այսինքն՝ 13 տեղի համար 1 անձ, երբ ես էի դառնում դատավոր, 2005-2006 թթ-ին քննություն էի հանձնում 1 տեղի համար 7 ցանկացող կար»,- ասաց նա։ 

Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը անվստահությունն է համակարգի նկատմամբ, ինչպես նաև մշտապես փոթորկային իրավիճակներում, հրանոթային զարկի տակ գտնվող դատարաններում ոչ ոք չի ուզում աշխատել։ 

Անդրադառնալով ArmDaily.am-ի հարցին, թե աշխատավարձերի բարձրացման նախագիծը որքանով կնպաստի իրավաբանների՝ համակարգ բերելուն՝ Վարդազարյանը պատասխանեց, որ առայժմ քննարկվում է, որ 2021 թ-ին դատավորների աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնեն, ծրագրում նախատեսված է, որ ևս 10-ական տոկոսով աշխատավարձերը կբարձրանան նաև հաջորդ տարիների ընթացքում, սակայն նույնիսկ սա դեռ որոշում չէ։ 

«Իհարկե ամեն դեպքում՝ աշխատավարձերի բարձրացումը նույնպես կարող է խթան հանդիսանալ, որպեսզի լավագույն իրավաբանները գան դատական համակարգ, սակայն ոչ պակաս կարևոր է հանդարտ աշխատանքը։ Այսօր անգամ իմ տղան, ով այս տարի ընդունվել է իրավաբանականի մագիստրատուրա, երբ ես նրան ասում եմ՝ չե՞ս ուզում դատավոր դառնալ, արի սկսի դատավորի օգնականից, մի քանի տարի անց՝ լավ սովորելու դեպքում կարող ես դատավոր դառնալ, նա ասում է՝ ոչ, ես ուզում եմ բանկում աշխատել, առավոտյան 9-17–ը սպիտակ վերնաշապիկով գնալ բանկ և ստանալ 250-300 հազար դրամ, մինչդեռ դատավորի օգնականը առավոտյան 8-ից մինչև գիշերվա 20–ն աշխատում է և ստանում է 120-200 հազար դրամ աշխատավարձ։ Իհարկե, աշխատավարձը մեծ նշանակություն ունի, բայց կարծում եմ՝ հոգեբանական վիճակը նույնպես կարևոր է»,-ասաց Վարդազարյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *