Հպարտ քաղաքացին՝ տուգանքի «մատերիալ» (Video)

Շարժական մեքենաներում տեղադրված տեսանկարահանող սարքերով մարդիկ չեն տուգանվելու: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, պետք է վերացնենք քաղաքացիներին հետապնդելու քաղաքականությունը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հունիսի 15-ին։ Սակայն երեկ՝ մայիսի 12-ին, իշխանափոխությունից երկու տարի անց, երբ արդեն անցել է «հեղափոխական էյֆորիան» և կարելի է ոչ պոպուլիստական քայլերի դիմել, պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը փոխել է իր մտադրությունը և «քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ է»։

Այսպես, երեկ հայտարարվեց, որ Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ ՃՈ աշխատակիցները այդպես կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը, կտուգանեն։

Այս հայտարարությունը մի շարք քննադատությունների արժանացավ քաղաքացիների կողմից, ովքեր նշում են, որ ծածուկ ծառայություն իրականացնելը անթույլատրելի է, քանի որ դրա նպատակը մարդկանց ամեն գնով տուգանելն է։

Եվ ահա Նիկոլ Փաշինյանի կողմից ինչպես ընդդիմադիր, այնպես էլ հեղափոխության ընթացքի և վարչապետության ժամանակահատվածի հայտարարություններում բազմիցս քննադատության արժանացած տուգանքները վրա են հասել և իրականացվելու են ծածուկ կերպքով։

Ինչպես արդեն նշեցինք, 2018թ հունիսի 15-ի կառավարության նիստում քննարկվում էր «Ոստիկանության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում էր ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները չօգտագործվել ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում, մինչդեռ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն առաջարկում էր չընդունել փոփոխությունը:

Սակայն վարչապետը հանդիմանեց Օսիպյանին. «Մարդկանց ասում ենք՝ քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ մենք պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք՝ ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը»:

Սակայն, փաստորեն իշխանափոխությունից երկու տարի անց, ինչպես շատ հարցերում, այնպես էլ այս հարցում վարչապետի դիրքորոշումը փոխվել է, քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ է, շարժական տեսանկարահանող մեքենաներն էլ թույլատրելի են։

Մանրամասները՝ տեսանյութում.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*