«Կրեմլը փորձում է իր կամակատարների մրջոցով Հայաստանում սերմանել կառավարելի քաոս». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրեմլը փորձում է իր կամակատարների մրջոցով Հայաստանում սերմանել կառավարելի քաոս, Հայաստանի գաղութացում-ֆորպոստացումը հերթական հանգրվանին հասցնելու համար։
     Ու այն դեպքում, երբ Պուտինը բացահայտ արհամարեց Հայաստանին ու հայությանը ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, անկախության օրը՝ մայիսի 28-ին (սա Տիգրան Խզմալյանի փաստարկմամբ), Հայաստանի այսօրվա իշխանությունը որոշեց հունիսի 24-ին մասնակցել պուտինյան անկապ միջոցառմանը զորամիավորումով, վարչապետի գլխավորությամբ։
     Ճիշտ է, միայն վերջին պահին վարչապետը հասկացավ նաև անձամբ իրեն ու իր իշխանությանը սպառնացող իրական վտանգն ու հրաժարվեց մասնակցելուց այդ ռազմաքաղաքական ֆարսին, բայց 75 հոգանոց զորախմբի մասնակցությունը նախարարի գլխավորությամբ հստակ ոտնահարում է մեր ազգային-պետական արժանապատվությունը։

Ազգային ժողովրդական բևեռն ունի իր հստակ գնահատականներն ու դիրքորոշումը այս կարևոր իրավիճակում։

ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔԱՈՍԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի միջամտությունը մեր ներքին գործերին ավելի ու ավելի կոպիտ և տեսանելի է դառնում։ Նրա համակարգմամբ 5-րդ շարասյունը Հայաստանում նախաձեռնել է գործընթացներ, որոնց նպատակն է ստեղծել քաոսային վիճակ՝ մեր պետությունը հնարավորինս թուլացնելու և ամբողջությամբ իր տիրապետության տակ առնելու համար։ Հայ ժողովուրդը պետք է նկատի ունենա, որ բարեկամի և դաշնակցի դեմքով ներկայացող այդ պետության նման քաղաքականության հետևանքով ոչ միայն կարող ենք հայտնվել սոցիալ-տնտեսական աղետալի վիճակում, այլև թուլանալ և պատերազմի թատերաբեմ դառնալ։

Ռուսաստանի կոպիտ միջամտությունը հատկապես ակնառու է դառնում 5-րդ շարասյան մաս կազմող Բարգավաճ Հայաստան կուսակցություն անվամբ օլիգարխիկ կլանի միջոցով օրեր առաջ նախաձեռնված հեղաշրջման գործընթացի առնչությամբ։ Հայաստանում այդ երկրի դեսպանն իրեն դիրքավորել է որպես գաղութատիրոջ տեղապահ և ցուցադրաբար վերահսկում է նշված գործընթացը։

Իրենց հերթին՝ ոչ միայն հեղաշրջման նախաձեռնող Բարգավաճ Հայաստան կուսակցության, այլև իշխանական Իմ քայլը դաշինքի և «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն օտար դեսպանին խոնարհաբար ընդունում են որպես արբիտր։ Դատապարտում ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի մեծապետական և միջամտող քաղաքականությունը, ինչպես նաև մեր երկրի կառավարող ուժի և տիտղոսակիր ընդդիմության խամաճիկային վարքագիծը։

Միևնույն ժամանակ՝ անկախ դրդապատճառներից, դրական ենք գնահատում ս. թ. հունիսի 24-ին Մոսկվայում անցկացվող շքերթին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ ՀՀ վարչապետի քայլը, ինչի մասին, ի դեպ, բազմիցս ներկայացրել էինք մեր բացասական դիրքորոշումը։

Սակայն անընդունելի ենք համարում պաշտպանության նախարարի մակարդակով և Զինված ուժերի 75 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանմամբ այդ շքերթին մասնակցությունը, քանի որ դա խոցում է մեր ազգային արժանապատվությունը, ինչպես նաև Մոսկվայում մոլեգնող համավարակի պայմաններում վտանգ է ստեղծում զինծառայողների համար։

ՀՀ վարչապետը պարտավոր է.

1) գործուն քայլեր կատարել մեր երկրի ներքին գործերին ՌԴ միջամտությունը դադարեցնելու և դրանով հարուցվող քաոսային զարգացումները չեզոքացնելու ուղղությամբ,

2) վերադարձնել արդեն Մոսկվա մեկնած մեր զինծառայողներին։

Վերահաստատում ենք, որ անկախ ՀՀ վարչապետի և նրա գլխավորած կառավարող ուժի քայլերից, հետևողականորեն շարունակելու ենք մեր ժողովրդի համախմբումը՝ քաոսը հաղթահարելու և ազգային-ժողովրդավարական ինքնիշխան ու կենսունակ պետություն ստեղծելու նպատակով։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*